ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգը չորեքշաբթի օրը Վարշավայում, մասնակցելով, այսպես կոչված, ‘’Բուխարեստ ինը’’, կամ ‘’B-9’’ երկրների գագաթնաժողովին, փորձում են նվազեցնել Մոսկվայի էքսպանսիոնիստական նկրտումների վերաբերյալ մտահոգությունները:
ՆԱՏՕ-ի նոր անդամների հետ համագործակցությունը սերտացնելու նպատակ ունեցող B9 անվանումը կրող խմբի գագաթաժողովի ժամանակ հյուրընկալ պետության` Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կարեւորեց ՆԱՏՕ-ի բոլոր անդամների միջեւ համագործակցության խորացումը:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն էլ վերահաստատեց ԱՄՆ-ի հավատարմությունը B-9-ի երկրներին: Հիշեցնենք, որ սրանք այն երկրներն են, որոնք Սառը պատերազմի տարիներին գտնվել են Ռուսաստանի ազդեցության գոտում: Եվ ամենից շատ նրանք են անհանգստացած Մոսկվայի էքսպանսիոնիստական, այսինքն իր տարածքները եւ վերահսկողության սահմաններն ընդարձակելու նկրտումներով:
‘’Դուք մեր հավաքական պաշտպանության առաջնագիծն եք։ Եվ դուք բոլորից լավ գիտեք, որ Ուկրաինայում շարունակվող այս հակամարտությունը, սպառնում է ոչ միայն Ուկրաինայի, այլ նաեւ ամբողջ Եվրոպայի և ամբողջ աշխարհում ժողովրդավարական երկրների ազատությանը’’, ասել է Բայդենը:
Խմբի այս հանդիպումն անցկացվեց այն ժամանակ, երբ Մոսկվան սկսեց ապակայունացնող գործունեություն ծավալել Մոլդովայում: Ռուսաստանի նախագահ Պուտինը չեղյալ է հայտարարել Մոլդովայի տարածքային ամբողջականությունը հաստատող, 2012 թվականին կնքված հրամանագիրը: Հիշեցնենք, որ Մոլդովայի Մերձդնեստրի շրջանում, որը վերահսկում են ռուսամետ անջատողականները, տեղակայված են ռուսական անհայտ թվով ուժեր:
Պուտինը չի պատրաստվում որեւէ խաղաղության, հայտարարում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգը։ «Ընդհակառակը, նա պատրաստվում է ավելի երկար պատերազմի։ Այսպիսով, մենք պետք է պահպանենք և ուժեղացնենք մեր աջակցությունը Ուկրաինային: Մենք պետք է Ուկրաինային տանք այն, ինչ նրանց պետք է հաղթելու համար», ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը եւ նորից շեշտել Ռուսաստանի դեմ համախմբվելու կարեւորությունը: