Ռուսական ադամանդն արգելելու կոչեր Եվրոպայում

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման տարելիցին ԵՄ-ը Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանեց։ Նախկին պատժամիջոցներն ուղղված էին նավթի, գազի, ածխի, պողպատի, ծխախոտի, օղու և ոսկու դեմ: Սպասվում է, որ պատժամիջոցների ցուցակում կներառվի նաև ադամանդը  

Բելգիայի Անտվերպեն պատմական քաղաքը հեռու է Ուկրաինական պատերազմի ռազմադաշտերից, սակայն այն կապված է հակամարտության հետ ռուսական ադամանդների միջոցով:

ԵՄ ներմուծվող գրեթե բոլոր չմշակված ադամանդները այստեղ են հասնում։ Մեկ քառորդը կամ ավելին սովորաբար գալիս են Ռուսաստանից։

Ուկրաինան երկար ժամանակ կոչ է անում ռուսական ադամանդների նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, որոնք, ըստ նրա, օգնում են ֆինանսավորել Մոսկվայի ռազմական մեքենան: Ռուսական ադամանդագործության հիմքում է «Ալռոսա» ընկերությունը, որը մասամբ պատկանում է Ռուսաստանի կառավարությանը:

Անցյալ տարի Վաշինգտոնը և Լոնդոնը պատժամիջոցներ սահմանեցին ռուսական ադամանդի ներկրման դեմ։ Բայց ոչ՝ ԵՄ-ը: Որոշ օրենսդիրներ այսօր փորձում են շտկել դա:

Your browser doesn’t support HTML5

Արգելել, թե ոչ ռուսական ադամանդի ներկրումը ԵՄ. Բրյուսելը երկընտրանքի առջև է


«Անտվերպենի ադամանդների ոլորտը նախկինում առաջատարն էր արյոնոտ ադամանդներից ազատվելու հարցում… և շատ կարևոր է, որ Անտվերպենը մնա առաջատար այս հարցցում, քանի որ ռուսական ադամանդները նույնպես արյոնոտ են»,- ասել է Բելգիայի Եվրոպական խորհրդարանի անդամ Քեթլին Վան Բրեմպտը:

Սակայն Անտվերպենի ադամանդագործները պնդում են, որ ռուսական ադամանդների նկատմամբ պատժամիջոցները կարող են արժենալ հազարավոր աշխատատեղեր, իսկ պատժամիջոցների ներքո ադամանդները կվաճառվեն այլ շուկաներում:

«Եթե այստեղ չվաճառվեն, կվաճառվեն մեկ այլ տեղ: Դրանք կվաճառվեն առևտրային կենտրոններում, որտեղ չկան փողերի լվացման դեմ և ահաբեկչության ֆինանսավորման դեմ կանոնակարգեր, որոնք մեզ մոտ՝ Անտվերպենում, ամենախիստն են աշխարհում»,- պնդում է Անտվերպենի համաշխարհային ադամանդի կենտրոնի խոսնակ Թոմ Նեյսը։

Անտվերպենի քաղաքապետը նույնպես դեմ է ռուսական ադամանդի ներկրման արգելքին։ Նրա գրասենյակը չի պատասխանել «Ամերիկայի Ձայն»-ին հարցազրույցի խնդրանքին:

Բայց կա մի ոլորտ, որտեղ քաղաքական գործիչները և Անտվերպենի ադամանդագործները, կարծես, համաձայն են՝ միջազգային համակարգի ստեղծում՝ ռուսական ադամանդները սահմաններից այն կողմ հայտնաբերելու և հետևելու համար: Զեկույցներում ասվում է, որ ԵՄ-ը և այլ արդյունաբերական երկրները քննարկում են, թե ինչպես դա կարող է աշխատել:

Այս հետազոտական խումբը կարծում է, որ դա հնարավոր է, բայց կան նախազգուշացումներ:

«Մենք կարծում ենք, որ դա հնարավոր է, բայց դա կպահանջի մեծ համակարգում և շատ տեխնիկական մտածողություն: Հարցն այն է, թե ով է միանում նախաձեռնությանը: Որքանո՞վ այն ներառական կլինի, քանի որ իհարկե, առկա է մեծ ռիսկ, որ մեծ ադամանդագործները չեն ցանկանա դրա մաս կազմել»,- նշում է Միջազգային խաղաղության տեղեկատվական ծառայության տնօրեն Ֆիլիպ Ռեյնիերսը:

Վան Բրեմպտի գրասենյակը հետևում է ռուսական ադամանդի արտահանմանը, և ինչպես է Մոսկվան, կարծես, շրջանցում ԱՄՆ-ի և այլ երկրների պատժամիջոցները: Օրենսդիրը շարունակում է պնդել, որ ԵՄ պատժամիջոցները կարևոր են՝ այն հետևող համակարգի հետ մեկտեղ՝ Անտվերպենի՝ որպես «էթիկական» ադամանդի կենտրոնի համբավը անձեռնմխելի պահելու համար:

Հոդվածը պատրաստվել է Լիզա Բրայանտի նյութի հիման վրա