Ռուսաստանը դադարեցնում է զենքերի կրճատման պայմանագրում իր մասնակցությունը

Պուտինը հայտարարում է Ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագրում (START) Ռուսաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին:

ՌԴ-ի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը դադարեցնում է իր մասնակցությունը, սակայն դուրս չի գալիս դրանից։ Այս մասին նա հայտարարել է Դաշնային ժողովին ուղղված իր ամենամյա ուղերձում։ Նա նաև կարգադրել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը և «Ռոսատոմին» նախապատրաստվել միջուկային փորձարկումներին։

START-ին վերադառնալու համար Ռուսաստանը պետք է հասկանա ՆԱՏՕ-ի համակցված հարվածային զինանոցի կարողությունները, նշել է նախագահը։

Պուտինը հիշեցրել է, որ փետրվարի սկզբին ՆԱՏՕ-ն Ռուսաստանից պահանջել է «վերադառնալ «ՍՏԱՐՏ» պայմանագրի պահանջները կատարելու պարտավորությանը, այդ թվում` տալ միջուկային պաշտպանության իր հաստատություններ մուտք գործելու իրավունք:

‘’Ես չգիտեմ, թե ինչ կարելի է անվանել սա: Սա պարզապես անհեթեթության թատրոն է: Արևմուտքն ուղղակիորեն ներգրավված է մեր ռազմավարական ավիացիոն բազաներին հարվածելու Կիեւի փորձերում, սակայն հիմա ուզում է ստուգել մեր պաշտպանական օբյեկտները: Դա պարզապես անհեթեթություն է’’, ասել է նա:

Պուտինի խոսքով՝ Վաշինգտոնը մտածում է միջուկային զենք փորձարկելու մասին։ Այդ դեպքում Մոսկվան նույնպես կդիմի այդ քայլին, ասել է նա:

‘’Այս իրավիճակում Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը եւ «Ռոսատոմը» պետք է պատրաստ լինեն ռուսական միջուկային զենքի փորձարկման համար: Իհարկե, մենք առաջինը դա չենք անի, բայց եթե ԱՄՆ-ն փորձարկի, ապա մենք նույնպես կդիմենք այդ քայլին’’,- ասել է ՌԴ-ի նախագահը։

START պայմանագիրը միջուկային զենքի վերահսկման ռուս-ամերիկյան միակ պայմանագիրն է, որի վավերականության ժամկետը լրանում է 2026 թվականին։

Խոսելով Ուկրաինայում ընթացող պատերազմի մասին`

Պուտինը մեղադրել է արևմտյան երկրներին և զգուշացրել, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների կողմից Ուկրաինային զենքի մատակարարումները միայն ավելի են սրում հակամարտությունը։

‘’Նրանք են սկսել պատերազմը, և մենք ուժ ենք կիրառում այն դադարեցնելու համար’’,- ասել է Պուտինը Դաշնային ժողովին ուղղված իր ամենամյա ուղերձում։

‘’Բոլորին պետք է պարզ լինի մեկ հանգամանք՝ որքան շատ հեռահար համակարգեր հասնեն Ուկրաինա, այնքան մենք ստիպված կլինենք հեռացնել վտանգը մեր սահմաններից’’,- ասել է Պուտինը։

Այդուհանդերձ, Ռուսաստանի նախագահը Ռուսաստանի համար ստեղծված իրավիճակը բարդ է որակել.

‘’Այսօրվա ուղերձը ես փոխանցում եմ դժվարին պահին: Մենք բոլորս լավ ենք գիտակցում, որ մեր երկրի համար կարևոր ժամանակաշրջան է: Ամբողջ աշխարհում տեղի են ունենում անշրջելի փոփոխություններ, որոնք կարեւոր են մեր երկրի ու մեր ժողովրդի ապագայի համար’’, ասել է Պուտինը:

ՌԴ-ի նախագահը նաև իր լիակատար անվստահությունն է հայտնել արևմտյան երկրների ղեկավարության նկատմամբ՝ նշելով, որ Արեւմուտքի իշխանությունները դարձել են «լիակատար եւ անսկզբունք ստի խորհրդանիշ», և որ նրանք իբր խաբում են ոչ միայն Ռուսաստանին, այլև հենց իրենց ժողովուրդներին։

Պուտինը նշել է, որ այժմ դրված է նոր զենքի զանգվածային արտադրություն սկսելու խնդիր` հենված ռուսական գիտական մտքի վրա:

Ելույթում տնտեսական հարցերին առնչվող հատվածում Պուտինը պնդում էր, որ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները ձախողվել են, եւ խոստանում է շարունակել աշխատել ԱՄՆ-ի դոլարից անկախանալու ուղղությամբ:

Պուտինի ելույթը հաջորդեց ԱՄՆ-ի նախագահ Բայդենի կողմից Կիև կատարած պատմական այցին, որտեղ վերջինս վերահաստատեց ԱՄՆ-ի աջակցությունն Ուկրաինային և հայտարարեց կես միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին: Փաթեթը ներառում է կարևորագույն սարքավորումներ, հրետանային զինամթերք, հակատանկային համակարգեր և օդային հսկողության ռադարներ, որոնք կօգնեն ուկրաինացիներին պաշտպանվել օդային ռմբակոծություններից:

Բայդենը նշել է, որ իր ներկայությունը Ուկրաինայում ցույց է տալիս ԱՄՆ-ի աջակցությունը ուկրաինական պետության անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

Միացյալ Նահանգների նախագահը նշել է, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները մտադիր են առավելագույնս արդյունավետ կերպով օգնել Ուկրաինային ազատության և անկախության համար պայքարում։

Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ն այս շաբաթավերջին կսկսի ավելի լայնամասշտաբ պատժամիջոցներ այն ընկերությունների դեմ, որոնք փորձում են խուսափել պատժամիջոցներից և ձգտում են աջակցել ռուսական ռազմական կարողություններին: