Հիշեցնենք, որ երկրաշարժերից անմիջապես հետո Հայաստանը փրկարարների խումբ ուղարկեց Թուրքիա և Սիրիա՝ աղետի գոտում փրկարարաորոնողական աշխատանքների իրականացնելու համար, ինչպես նաև երկու խմբաքանակ մարդասիրական օգնություն փոխանցեց Թուրքիային: Օգնության բեռներն անցան հայ-թուրքական ցամաքային սահմանով, իսկ փետրվարի 15-ին Թուրքիա այցելեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ով բանակցություններ վարեց իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ և այցելեց Ադիյամանի աղետի գոտի՝ հայ փրկարարների հետ հանդիպելու համար:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը, պատասխանելով լրագրողների հարցերին Թուրքիայի ու Հայաստանի միջև այս զարգացումների առիթով, նշել է, որ Վաշինգտոնը ողջունում է աշխարհի տարբեր երկրների ջանքերն՝ ուղղված Թուրքիայի ժողովրդի, Սիրիայի ժողովրդի աջակցությանը փետրվարի 6-ին տեղի ունեցած ուժեղ երկրաշարժերից հետո: Իր խոսքում, Փրայսն ընդգծել է՝ շատ երկրներ ցուցաբերել են աջակցություն, որն անհրաժեշտ է երկրաշարժերի հետևանքները վերացնելու համար:
Իր հերթին ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերն այս կապակցությամբ թվիթերյան իր գրառման մեջ գրել է. «Ականատես ենք, թե ինչպես տասնամյակների թշնամությունը մի կողմ է դրվել՝ հուսահատ վիճակում մարդկանց օգնելու համար: 35 տարվա մեջ առաջին անգամ բացվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանային անցակետը, որպեսզի օգնությունը հասցվի երկրաշարժից տուժածներին։ Հայաստանն ուղարկում է 100 տոննա օգնություն և որոնողափրկարարական խումբ»: Այս գրառումն իր թվիթերյան էջում տարածել է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը:
Your browser doesn’t support HTML5
Ամերիկացի օրենսդիրները ևս անմաս չեն մնացել հայ-թուրքական այս զարգացումները մեկնաբանելուց: ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի նորանշանակ նախագահ, հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնը «Ամերիկայի ձայն»-ի ուկրաինական ծառայության հետ զրույցում ողջունել է այս ուղղությամբ հայկական կողմի իրականացրած քայլերը:
«Ես խոսել եմ ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Կարպենտերի հետ այսօր, և նա մատնանշել է շատ կարևոր հանգամանք, որ Հայաստանը օգնություն է ցուցաբերել Թուրքիայի ժողովրդին երկրաշարժից հետո: Դա կրկին կարող է հանդիսանալ դրական օրինակ, երբ դարավոր հակամարտություններ ունեցող երկրները միավորվում են հանուն փոխշահավետության և իրենց տարածաշրջանում խաղաղության ու բարգավաճման»,- ասել է կոնգրեսականը:
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ևս արձագանքեց արտգործնախարար Միրզոյանի այցին՝ իր թվիթերյան գրառման մեջ այն որակելով «պատմական»: «Սա պատմական այց է, որը հաջորդեց օգնության կարիք ունեցող հարևանին աջակցելու որոշմանը։ Հուսով ենք, որ սա հայ-թուրքական հարաբերությունների զարգացումների նախանշան է», գրել է Տոյվո Կլաարը։
ՀՀ արտգործնախարարի այցը Թուրքիա ողջունել է նաև Փարիզը: Ֆրանսիայի արտգործնախարարությունն իր կարճ հաղորդագրության մեջ նշել է, որ «ինչպես սեպտեմբերին Թուրքիա կատարած այցի ժամանակ արդեն հայտարարել էր Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Քեթրին Քոլոնան, Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Թուրքիայի՝ իրենց հարաբերությունների կարգավորմանը նպաստելու համար ջանքերին»: