ԱՄՆ-ի գլխավորած Ուկրաինայի կոնտակտային խմբի անդամ պետությունների ներկայացուցիչները երեքշաբթի օրը հանդիպում անցկացրին Բրյուսելում, որի ընթացքում ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հստակեցրեց, որ Ուկրաինան միայնակ չէ Ռուսաստանի ներխուժման դեմ պայքարում:
‘’Մենք ակնկալում ենք, որ գարնանն ինչ որ պահի ուկրաինացիները կսկսեն գործողություններ’’, ասել է նա:
Օսթինի խոսքերով, խմբում ներկայացված 54 երկրները կանեն ամեն ինչ, որպեսզի Կիևին անհրաժեշտ զինամթերքն ու սպառազինությունն ապահովվի, երբ Ռուսաստանը շարունակում է ուժգնացնել իր հարձակումները:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարն ասել է, որ Ռուսաստանը մեծ թվով նոր զորքեր ու զինտեխնիկա է ուղարկում Ուկրաինա, սակայն դրանց մեջ մեծ թիվ են կազմում վատ սարքերը եւ վատ պատրաստված անձնակազմերը:
ԱՄՆ-ի հրամանատարական անձնակազմի ղեկավար, գեներալ Մարք Միլին նշել է, որ Ռուսաստանը շարունակում է առաջ շարժվել Ուկրաինայի Դոնբասի մարզում։
‘’Նրանք հենց այս պահին շարունակում են հարձակումները Դոնբասի դեմ։ Առաջընթացը դանդաղ է, այնպես, ինչպես պատահում է քայքայող պատերազմների դեպքում: Նրանց համար կարեւորը բարոյականությունը չէ, նրանց համար նշանակություն չունի նաեւ այն զոհերի մեծ թիվը, որ տալիս են այս ճակատամարտերում’’, ասել է Միլին:
Ռուսական բանակի խոսնակի խոսքերով, «կամավոր գրոհային ստորաբաժանումները» հրթիռային և հրետանային ուժերի աջակցությամբ, գրավել են Բախմուտից հյուսիս գտնվող մի գյուղ: Ուկրաինան ընդունում է, որ իրավիճակը «բարդ» է ուժեղ ռմբակոծությունների տակ հայտնված այս հատվածում եւ խնդրել է արևմտյան իր դաշնակիցներին կործանիչներ տրամադրել պաշտպանվելու համար: Օսթինը ասել է, որ այդ մասին ասելիք ինքը չունի։ Նա հավելել է, սակայն, որ ԱՄՆ-ը չի խոչընդոտի Լեհաստանին կամ որևէ այլ երկրի իրենց ռազմաօդանավերն Ուկրաիային տրամադրելու հարցում: