Հունվարի արդյունքներով Ռուսաստանի Դաշնության բյուջեն ունեցել է ռեկորդային դեֆիցիտ՝ 1,76 տրլն ռուբլի (ավելի քան 25 մլրդ ԱՄՆ դոլար)։ Այս մասին է վկայում երկրի ֆինանսների նախարարության նախորդ օրը հրապարակված վիճակագրությունը: Փորձագետների կարծիքով՝ նման բան տեղի չի ունեցել առնվազն 1998 թվականից ի վեր։
Ֆինանսների նախարարությունը խոստովանել է, որ նավթի և գազի եկամուտների անկումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 46%-ով։
Reuters-ի տվյալներով՝ անցյալ տարի ռուսական գազի մատակարարումները Եվրոպա հասել են 2000 թվականից ի վեր ամենացածր մակարդակին։
Հրապարակախոս և տնտեսագետ Մաքսիմ Բլանտը «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությանը տված հարցազրույցում բացատրում է Ռուսաստանի բյուջեի անմխիթար վիճակը` մի քանի պատճառներ նշելով. Նախ, նրա կարծիքով, սա վկայում է այն մասին, որ Արևմուտքի պատժամիջոցները գործում են և դրանք արդյունավետ են։
«Բյուջեի հսկայական դեֆիցիտ է ձևավորվել նաև այն պատճառով, որ ծախսերը գրեթե մեկուկես անգամ ավելի են եղել, քան անցյալ տարվա հունվարին», ասում է նա։ -Իսկ եկամուտները նվազել են մոտ մեկուկես անգամ։ Եկամուտների անկումը մի կողմից պայմանավորված է նրանով, որ պատերազմի բռնկումից հետո ռուսական նավթը սկսեց վաճառվել անընդհատ աճող զեղչերով։ Իսկ դեկտեմբերի 5-ին, երբ ուժի մեջ մտավ նավթի օֆշորային մատակարարումների գնային առաստաղը, Urals ապրանքանիշի գինը, որով հաշվարկված են բյուջեի բոլոր հատկացումները, ընկավ մոտ 70%-ով։
Բացի այդ, եկամուտները նվազել են նաև այն պատճառով, որ ֆինանսների նախարարությունը նախորդ տարեվերջին «առավելագույն չափով զրոյացրեց հարկերը բոլոր նրանց համար, ում հնարավոր է եղել», - ընդգծում է Մաքսիմ Բլանտը։ Նրա խոսքով, հնարքն այլեւս հնարավոր չէ կրկնել՝ ձեռնարկություններին ուղղակի գումար չի մնացել։
«Կարճ ասած, պատերազմը թանկ բիզնես է, և անկանխատեսելի դեպքերը հայտնվում են դժոխքի պես: Պարզապես այդ մասին որեւէ մեկն այնտեղ չի խոսում’’, ասում է վերլուծաբանը:
«Ազգային հարստության հիմնադրամի (NWF) վերաբերյալ բացատրությունները լիովին անհիմն են», ասում է Բլանտը եւ բացատրում, որ Ֆինանսների նախարարությունը վաճառել է այնտեղ պահվող բոլոր միջոցները արտարժույթով, այդ թվում՝ յուանով, որից սակայն շահել է ընդամենը 54 միլիարդ ռուբլի։ Իսկ բյուջեի դեֆիցիտը, ինչպես հիշում ենք, միայն հունվարին կազմել է 1,76 տրլն ռուբլի։ Ռուսաստանն ավելի շատ ոսկի է վաճառել՝ ավելի քան երեք տոննա։ Սա մոտ 15 միլիարդի մասին է, եւ ակնհայտ է, որ մնացած գումարը պարզապես տպվել է»։
Հետևաբար, ֆինանսների նախարարությունը «ծախսում է այն, ինչ չկա», - ասում է Մաքսիմ Բլանտը:
Փետրվարի 5-ից ուժի մեջ է մտել ռուսական նավթամթերքի նկատմամբ Արեւմուտքի էմբարգոն` բեռնարգելքը, հիշեցնում է վերլուծաբանը նշելով, որ սա հետագայում բյուջեի եկամուտների անկման ևս մեկ լրացուցիչ աղբյուր է դառնալու:
Տնտեսական վերլուծության անկախ կենտրոնների ընկերակցության նախագահ Օլեգ Բուկլեմիշևը վստահ է, որ բյուջեի նման մեծ դեֆիցիտը հիմնականում պայմանավորված է ծախսերի աճով, եւ ավելի քիչ՝ եկամուտների անկմամբ։ Նա կարծում է, որ ռուսական տնտեսությունը պարզապես չի կարող իրեն թույլ տալ նման ծախսեր։
«Դատելով Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների ինստիտուտի տեղեկություններից՝ Ռուսաստանն արդեն 2021 թվականին ՀՆԱ-ի վրա պաշտպանական ծախսերի մասնաբաժինով առաջ է անցել ինչպես ԱՄՆ-ից, այնպես էլ Չինաստանից», ասում է նա։ Այսինքն՝ Ռուսաստանն արագորեն հետ է գնում դեպի Խորհրդային Միության պատմություն։ Եվ նման ծախսերը բացարձակապես դուրս են ժամանակակից ռուսական տնտեսության և, համապատասխանաբար` երկրի հարկային համակարգի ուժերից։
Պաշտոնական տվյալներով՝ 2021 թվականի նախապատերազմյան շրջանում սպառազինության վրա Ռուսաստանի ծախսերը կազմել են 65,9 մլրդ. Սա ՀՆԱ-ի 4,1%-ն է, ինչը 2,9%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ։
Օլեգ Բուկլեմիշևը կասկած է հայտնում, որ ՌԴ ֆինանսների նախարարությունը կկարողանա դուրս գալ ստեղծված իրավիճակից։ «Եթե շարունակենք նույն ոգով, ապա բյուջեի փոսը կարկատելու ուղիներ չեն լինելու։ Կարելի է խոսել լուծումների տարբեր համակցությունների մասին, բայց դրանք բոլորը լինելու են զուտ ժամանակավոր, պատեհապաշտական’’, ասում է նա:
Եվ դրանց համար երկարաժամկետ ու կայուն լուծում չկա։
Արամ Վանեցյան
Վիկտոր Վլադիմիրով