Իրանը բացել է կործանիչների ստորգետնյա բազա

Իրանի բանակը երեքշաբթի օրը բացել է իր կործանիչների առաջին ստորգետնյա բազան, որը նախատեսված է բունկեր պայթեցնող ամերիկյան ռումբերի հնարավոր հարվածներին դիմակայելու համար: Այս մասին հաղորդում են Իրանի պետական լրատվամիջոցները:

«Օղաբ 44» (պարսկերեն՝ արծիվ) անունը կրող բազան կարող է տեղավորել «բոլոր տեսակի կործանիչներ և ռմբակոծիչներ, բացի անօդաչու թռչող սարքերից», հայտնում է պաշտոնական IRNA գործակալությունը՝ հրապարակելով նկարներ և տեսանյութեր բազայի ներսից։

Բազայի ստույգ վայրը չի բացահայտվել, սակայն պետական լրատվամիջոցները նշում են, որ այն գտնվում է «լեռների տակ մի քանի հարյուր մետր խորության վրա» և ունակ է դիմակայել «ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչների ռումբերին»:

Անցյալ տարվա մայիսին էլ Իրանի բանակը երկրի արևմտյան մասում գտնվող Զագրոս լեռների տակ անօդաչու թռչող սարքերի ռազմաօդային ուժերի բազա էր կառուցել:

Երեքշաբթի օրը պետական լրատվամիջոցները տարածել են բազայում Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի և բանակի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավիի լուսանկարները:

«Օղաբ 44»-ը «բանակի ռազմաօդային ուժերի բազմաթիվ տակտիկական ստորգետնյա օդային բազաներից մեկն է, որոնք վերջին տարիներին կառուցվել են երկրի տարբեր շրջաններում», հաղորդում է IRNA-ն:

Ըստ լրատվամիջոցների, այն կարող է կործանիչներ նախապատրաստել «հնարավոր հարձակումներին» դիմակայելու համար, ինչպիսիք են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից վերջին զորավարժությունների ժամանակ իրականացված գործողությունները:

Իրանն ունի հիմնականում ռուսական «ՄիԳ» և «Սուխոյ» տիպի կործանիչներ, որոնք թվագրվում են խորհրդային տարիներից, ինչպես նաև որոշ չինական ինքնաթիռներ, այդ թվում՝ F-7:

Իրանի օդային ուժերում կան նաեւ մինչեւ հեղափոխությունը ձեռքբերված ամերիկյան F-4 և F-5 որոշ կործանիչներ:

''Ֆրանս պրես''