ԱՄՆ-ում 29-ամյա երիտասարդին սպանած ոստիկաններից երկուսը մտադիր չեն իրենց ճանաչել մեղավոր

ԱՄՆ-ի ոստիկանության համակարգում բարեփոխումներ անցկացնելու կոչերը նորից ուժգնացան, երբ տարածվեց այն տեսագրությունը, որտեղ հստակ երեւում է, թե ինչպես են Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում հինգ ոստիկաններ ծեծի ենթարկում մի տղամարդու, որն ավելի ուշ մահացել էր հիվանդանոցում:

ԱՄՆ-ում օրենսդիրներն ու ակտիվիստներն այս օրերին փորձում են որոշել իրենց հետագա քայլերը Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում Թայր Նիքոլսի մահից հետո: Նա ծեծի էր ենթարկվել հինգ ոստիկանների կողմից եւ հիվանդանոցում մահացել դրանից երեք օր անց:

Հանդես գալով ABC-ի This Week- ծրագրում` Նիքոլսի ընտանիքի փաստաբան Բեն Քրամփը շեշտել է, որ անհրաժեշտ է պայքարել ԱՄՆ-ում ոստիկանական մշակույթի անուղղակի կողմնակալության դեմ:

‘’Կարևորն այն չէ՝ ոստիկանները սևամորթ են, իսպանախոս, թե սպիտակամորթ։ Կարծում եմ, որ ոստիկանական ներկա կառուցվածքն ու մշակույթն է թույլ տալիս, որ նրանք չափից ավելի ուժ և դաժանություն կիրառեն ընդդեմ ոչ սպիտակամորթ անձանց’’, ասել է նա:

Երկրի դեմոկրատ սենատոր Դիք Դուրբինը ABC-ին ասել է, որ ազգային երկխոսություն է անհրաժեշտ:

‘’Հարկավոր է վերացնել, մարդկանց պարանոցը սեղմելով, նրանց թուլացնելու ոստիկանությանը տրված իրավունքը, հարկավոր է հրաժարվել անհիմն խուզարկություններից’’, ասում է նա:

Քաղաքացիական իրունքների պաշտպան կազմակերպություններից մեկի նախագահ Դերիք Ջոնսոնն առաջարկում է գտնել տարբեր և ամբողջական մոտեցումներ՝ խնդիրը շտկելու համար:

‘’Բարի լույս Ամերիկա’’ ծրագրին նա ասել է. «Ոստիկանական բաժանմունքներում պետք է անցկացվեն վերապատրաստման դասընթացներ այս լարված իրավիճակը մեղմելու համար: Նաեւ պետք է ավելացնել հոգեկան առողջության աջակցության ֆինանսավորումը’’, ասել է նա:

Նրա խոսքերով, հարկավոր է կազմել ոստիկանության կողմից իրականացված սխալ գործողությունները գրանցելու էլեկտրոնային պահոց, որը թույլ չի տա նման քայլերի դիմած ոստիկաններին տեղափոխվել մի գործակալությունից մյուսը:

29-ամյա Նիքոլսի սպանության գործով կասկածյալ հինգ սպաներն ազատվել են աշխատանքից և մեղադրվում են երկրորդ կարգի սպանության մեջ։ Նրանցից երկուսի փաստաբաններն ասել են, որ իրենց պաշտպանյալները մտադիր չեն իրենց ճանաչել մեղավոր:

Արամ Վանեցյան

Վերոնիկա Իգլեսիաս