«Փրկենք Ղարաբաղը» կոալիցիա է ձևավորվել Վաշինգտոնում՝ ԱՄՆ կոնգրեսականների աջակցությամբ

Վաշինգտոնի «Հայ դատի հանձնախումբը» մի խումբ ՀԿ-ների հետ ստեղծել է «Փրկենք Ղարաբաղը» կոալիցիան, որը, ըստ նախաձեռնության հեղինակների, ուղղված է պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչությանն Ադրբեջանից:

Կոալիցիայի որոշումը սատարում են ամերակացի մի շարք կոնգրեսականներ, ովքեր այսօր ելույթ ունեցան ԱՄՆ Կոնգրեսի առջև տեղի ունեցած ասուլիսին:

Բրեդ Շերմանի գլխավորությամբ կոնգրեսականների երկկուսակցական խումբը շեշտեց, որ շարունակելու է աշխատել ԱՄՆ իշխանությունների ուշադրությունը հրավիրելու Լեռնային Ղարաբաղի խնդրին և կանգնելու տեղի բնակչության կողքին:

Հիշեցնենք՝ ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել Ադրբեջանին վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, որն ավելի քան 40 օր էկոակտիվիստ ներկայացող ադրբեջանցիների կողմից փակ է:

Խոսելով միջանցքի փակման իրական հիմքերից՝ կոնգրեսական Շերմանը հիշեցրեց ժողովրդավարության մակարդակն Ադրբեջանում՝ վստահեցնելով. «Սա այն երկիրը չէ, որտեղ քաղաքացիական անձինք պարզապես որոշում են ցույց կազմակերպել։ Եվ իհարկե, այն երկիրը չէ, որտեղ խաղաղ բնակիչները պարզապես ցույց են անում, շրջափակումներ անում 50 օրով։ Դա տեղի չի ունենում, քանի դեռ այն չի հովանավորվում ռեժիմի կողմից: Սա բնապահպանական բողոք չէ, այլ միջազգային շրջափակում է»:

Շերմանի խոսքով՝ Ադրբեջանն օգտագործում է միջանցքի փակման գործոնը Ղարաբաղում էթնիկ զտումների նպատակով. «Նրանց մարտավարությունն է շրջափակումը, որի հետևանքը զրկանքն է, նպատակը՝ էթնիկ զտումները: Միացյալ Նահանգները պետք է գործի»։

Կոնգրեսական Ջիմ Կոստան ևս Լաչինի միջանցքի շրջափակման հարցում նույն նպատակներն է տեսնում. « Եկեք պարզ լինենք. Այս ամենը խոսում է էթնիկ և կրոնական զտումների և դարերի պատմություն ունեցող ցեղասպանություն բառի օգտագործման մասին»:

«Փրկենք Ղարաբաղը» կոալիցիայի անդամներն իրենց համերաշխությունն են հայտնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին և պարտավորվում միասին աշխատել՝ մոբիլիզացնելու լրատվամիջոցների ուշադրությունն ու քաղաքական աջակցությունն իրենց գործին:

«Կոալիցիայի մեկնարկն այստեղ՝ ԱՄՆ Կապիտոլիումում, ոգեշնչող աջակցության նշան է Արցախում խաղաղ, բայց Ալիևի ռեժիմի ձեռքում տառապող հարյուր քսան հազար հայերին»,-ասել է կոնգրեսական Ջուդի Չուն:

Կոալիցիան կոչ է անում ԱՄՆ կառավարությանը ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը պաշտպանելու համար, տնտեսական ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, ներառյալ ռազմական և տնտեսական օգնության դադարեցումը՝ վերացնելու շրջափակումը վերացնելու։

Կոնգրեսական Նիքոլ Մալիոթակեսի խոսքով՝ դարեր անց հայերը դեռ շարունակում են պայքարել մարդու իրավունքների ոտնահարման դեմ. «Իսկապես սրտաճմլիկ է տեսնել, որ սննդի, դեղորայքի, էներգիայի պաշարները սպառվում են նրանց համար: Ես շնորհակալ եմ այս խնդրին ուշադրություն հրավիրելու համար: Կարծում եմ, որ այս կոալիցիան միայն պետք է աճի, և մենք պետք է շարունակենք խոսել այս հարցի մասին, քանի դեռ ճգնաժամը չի լուծվել»:

Your browser doesn’t support HTML5

«Սա բնապահպանական բողոք չէ, այլ միջազգային շրջափակում». «Փրկենք Ղարաբաղը» կոալիցիա՝ ԱՄՆ կոնգրեսականների աջակցությամբ