Ուկրաինան մոտ ապագայում կստանա բրիտանական արտադրության Challenger 2 մակնիշի առնվազն 14 տանկ։ Գերմանիան էլ երկրի կանցլերի համաձայնությամբ որոշեց ուղարկել Leopard 2 տիպի տանկեր, ինչպես նաեւ, որպես այն արտադրող երկիր, թույլ տվեց իր դաշնակիցներին իրենց զինանոցից Ուկրաինա ուղարկել այս տանկերից:
Ինչ վերաբերում է ամերիկյան M 1 Abrams մակնիշի տանկերին, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը նշել է, որ «Ուկրաինան կստանա իրեն անհրաժեշտ ողջ օգնությունը»։
Իսկ ինչու՞ է Ուկրաինան փորձում առաջին հերթին ձեռք բերել հենց գերմանական արտադրության Leopard-ը:
ԱՄՆ-ը խորհուրդ է տալիս Ուկրաինային հրաժարվել Ռուսաստանի հետ հրետանային առճակատումից, քանի որ այս դեպքում Մոսկվան կարող է առավելություն ստանալ։ Ահա թե ինչու
Արեւմուտքի կողմից Ուկրաինայի համար նախատեսված նոր զինատեսակները նախատեսված են հարվածային խմբերն արագ տեղաշարժելու, արագ գրոհներ կազմակերպելու և հետախուզություն իրականացնելու համար: Այսպիսով զենքերի նոր տեսակներն արմատապես տարբերվում են նախորդ առաքումներից:
Նոր ուղարկվող զինատեսակների անվանացանկը խոսում է բարձր շարժունակ հարձակողական գործողությունների նախապատրաստման մասին, որտեղ տանկերը պետք է դառնան ‘’հարվածային միջուկը’’։
Վաշինգտոնը համոզված է, որ Ուկրաինան նախապատրաստվում է հակահարձակման, որի նպատակն է ռուսական բանակը դուրս մղել Ուկրաինայի հարավային օկուպացված տարածքներից:
Ինչպես ռազմական փորձագետներն են ասում, տանկերն ունեն ճարտարագիտական եռանկյունի` շարժունակություն - կրակային ուժ - պաշտպանություն: Այս պայմաններից մեկի առավելության դեպքում տուժում է մյուսը: Օրինակ, եթե բարձր է կրակային ուժը, ապա ցածր է շարժունակությունը: Այսպես, բրիտանական
«Չելենջեր 2»-ը, որը ժամանակին պիտի պաշտպաներ երկիրը սովետական հնարավոր հարձակումներից, ունի հարվածային մեծ ուժ, սակայն սլանում է ժամում միայն 40-55 կիլոմետր արագությամբ: Leopard 2-ն ունի կոշտ տեղանքներում 70 կմ արագությամբ սլանալու դեպքում ճշգրիտ կրակելու կարողություն:
«Leopard 2-ը շատ ավելի շարժական հրասայլ է, բայց շատ ավելի քիչ պաշտպանված», - ասում են փորձագետներն ու հիշեցնում, որ Ուկրաինային այժմ հարկավոր են արագ տանկեր, քանի որ այս փուլում ոչ թե պաշտպանվում է, այլ պատրաստվում է հակահարձակման:
Leopard 2-ի թնդանոթը ընդհանուր առմամբ նման է ամերիկյան M1 Abrams տանկի թնդանոթին:
Ինչ վերաբերում է հենց M1 Abrams-ին, ապա այն նկատելիորեն ավելի թանկ է և ավելի բարդ, քան մյուս երկու մեքենաները: Այն աշխատում է ոչ թե դիզելային շարժիչով, այլ գազատուրբինով։ Եվ մատակարարման ու հատկապես սպասարկման լոգիստիկան բարդ է լինելու։
«Բարդ տեխնիկական սպասարկման և մեծ ծախսերի պատճառով, այս պահին ուղղակի իմաստ չունի այն տրամադրել Ուկրաինային», ասել է Պենտագոնի խոսնակ Սաբրինա Սինգհը:
Այս երեք տանկերն էլ ունեն մարտական օգտագործման հարուստ պատմություն։ Նրանց պոտենցիալ ռուս մրցակիցը` Տ-14 «Արմատա»-ն մարտական օգտագործման փորձ չունի։ Ու թեև Ուկրաինայում դրա հնարավոր կիրառման մասին տեղեկություններ են եղել, փորձագետները համակարծիք են, որ Ռուսաստանը այս տանկը մարտի մեջ չի մտցնի, քանի որ գիտի, որ պարտության դեպքում կարող է զրկվել դրանք այլ երկրների վաճառելու հնարավորությունից:
Արևմտյան դաշնակիցները հեշտությամբ կարող են բավարարել 300 տանկ հատկացնելու մասին Ուկրաինայի զինված ուժերի հրամանատար Վալերի Զալուժնիի խնդրանքը, քանի որ դաշնակիցները, միասին վերցրած, ունեն M1 եւ M1A1 Abrams-ի 8000, եւ Leopard 2-ի 2000 միավոր տանկ:
Արամ Վանեցյան
Եվգենի Կոմարով