Վերլուծաբաններին այսօր շատ է մտահոգում, թե ինչու է Ռուսաստանի նախագահին անհրաժեշտ 1,5 միլիոնանոց բանակ, և արդյոք երկրի տնտեսությունը կարող է դիմակայել նման ծանրաբեռնվածությանը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն էր վերջերս հայտարարել երեք տարում զորքերի թվակազմը մեկ եւ կես միլիոնի հասցնելու ծրագրի մասին:
Այժմ, ըստ փորձագիտական գնահատականների, ռուսական զինված ուժերում «սվինների» իրական թիվը մոտ մեկ միլիոն է, որի մեջ է մտնում վերջերս մոբիլիզացված ավելի քան 300 հազարը:
ԱՄՆ-ի հրամանատարական անձնակազմի միացյալ շտաբի տվյալներով՝ 2022 թվականի նոյեմբերի սկզբին հակամարտության երկու կողմից զոհվածների և վիրավորների թիվը հասել է 100 հազարի։ Խեղվածների թվի մասին չշգրիտ տվյալներ չկան:
‘’Երկիրն ամբողջությամբ կործանելու և այն փակուղի տանելու ավելի լավ տարբերակ դժվար է մտածել’’: Այս կարծիքին է տնտեսագետ, հրապարակախոս Մաքսիմ Բլանտը, երբ մեկնաբանում է 1,5 միլիոնանոց բանակ ստեղծելու Պուտինի ծրագրերը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի տնտեսությունը դժվար թե դրան դիմանա։
Նա հիշեցնում է, որ դեռևս 2000-ականների սկզբին էր Ռուսաստանը փորձում ունենալ մեկ միլիոնանոց բանակ, եւ այն ժամանակ փորձագետներն ասում էին, որ դա անհնար է տնտեսության այդ պայմանների դեպքում: ‘’Իսկ ի՞նչ է փոխվել դրանից հետո. Ռուսաստանում: Հաջողվե՞լ է տնտեսությունը արդիականացնե՞լ, ապրե՞լ է երկիրը վերելք’’, հարց է տալիս նա ու պատասխանում` ‘’ոչ’’:
Այսօր Մոսկվան դիմակայում է ոչ միայն Ուկրաինային, այլեւ ողջ արևմտյան աշխարհին, ասում է Մաքսիմ Բլանտը։ Սակայն, ըստ նրա, այն, որ Կրեմլում ներկա պայմաններում հույսը դնում են 1,5 միլիոնանոց բանակի վրա, առնվազն տարօրինակ է թվում:
«Որքան մեծ է բանակը, այնքան վատ է ապրում ժողովուրդը։ Սա աքսիոմա է։ Շոյգուն պարզաբանել է, որ տարիքային շեմը կբարձրացվի մինչև 30 տարեկան: Սա կրկին կմեծացնի մարդկանց արտահոսքը երկրից», ասում է նա ու հիշեցնում, որ հեռացողների մեծ մասը ՏՏ ոլորտի մասնագետներն են, ինչի արդյուքնում մեծապես կտուժի Ռուսաստանի տնտեսությունը:
«Պուտինի այս ծրագիրը «էժան հաճույք չէ», ասում է Ռուսաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Անդրեյ Նեչաևը։ Նրա կարծիքով, այդ խնդիրների իրականացումը ծանր բեռ է լինելու երկրի տնտեսության վրա եւ հանգեցնելու է բազմաթիվ բացասական հետեւանքների։
«Կարծում եմ, որ միայն ժամկետային զինծառայողների պատճառով անհնար է հասնել անհրաժեշտ թվին», ասում է նա ու հարց տալիս. ‘’Ինչպես և ինչո՞վ են զինվելու զինվորականները.. Այդ ծախսերը լրացուցիչ բեռ են դառնալու առանց այն էլ դեֆիցիտային և որոշակի խնդիրներ ունեցող բյուջեի համար’’, ասում է նա։
Փորձագետները նաև նշում են, որ ռուսական բանակում նման փոփոխությունները նախատեսված են 2023 թվականին, երբ շատերն են կարծում, որ աշխարհը կանգնած է համաշխարհային տնտեսական անկման շեմին: Անկախ համաշխարհային տնտեսական անկումից, Ռուսաստանում արդեն իսկ կանխատեսվում էր ՀՆԱ-ի անկում: Ուրեմն, համաշխարհային տնտեսական անկման հետ միասին Ռուսաստանի տնտեսությունը տալու է հսկայական կորուստներ: Այդ պատճառով մեկ ես կես միլիոնանոց բանակ ունենալու Պուտինի ծրագիրը մեծաթիվ վերլուծաբաններ են համարում պարզապես երազանք:
Արամ Վանեցյան
Վիկտոր Վլադիմիրով