Մեծ Բրիտանիայում 60-ամյա մի տղամարդ է ձերբակալվել, որի մոտ Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում հայտնաբերվել է ուրանի հետքեր պարունակող փաթեթ: Այս մասին հայտնել է Լոնդոնի ոստիկանությունը։
Տղամարդը ձերբակալվել է շաբաթ օրը՝ ահաբեկչության կասկածանքով, և հետաքննության շրջանակներում գրավի դիմաց ազատ է արձակվել, հայտնել են բրիտանացի իրավապահները: Հիթրոու օդանավակայան ժամանած ծանրոցում դեկտեմբերի 27-ին էր հայտնաբերվել փոքր քանակությամբ ուրան:
Լոնդոնի ոստիկանության հակաահաբեկչական հրամանատարության ղեկավար Ռիչարդ Սմիթը հայտնել է, որ չնայած ձերբակալությանը, միջադեպը «ոչ մի ուղղակի սպառնալիք չի ներկայացնում բնակչության համար»։
Ոստիկանության աշխատակիցներն այցելել են տղամարդուն եւ տեղափոխել Անգլիայի հյուսիս-արևմուտքում գտնվող ոստիկանական բաժանմունք: Ավելի ուշ, գրավի դիմաց մինչև ապրիլ ազատ է արձակվել:
Հիշեցնենք, որ ուրանը կարող է օգտագործվել քաղաքացիական և գիտական նպատակներով էլեկտրաէներգիա արտադրելու համար և միջուկային զենքի հիմնական բաղադրիչն է: Նրա որոշ իզոտոպներ ճառագայթում են, որը կարող է վտանգավոր լինել մարդկանց համար։