Ինչպես միմյանցից հեռու պահել Ռուսաստանն ու Չինաստանը

2022 թվականին սկսված պատերազմի արդյունքում Ռուսաստանը հայտնվեց վտարանդի իրավիճակում, սակայն չհայտնվեց լիակատար մեկուսացման մեջ: Այդ հարցում Ռուսաստանին օգնեց Չինաստանը, որն այդպես էլ հանդես չեկավ Ռուսաստանի պատերազմական գործողությունները դատապարտող որեւէ հայտարարությամբ:

Ըստ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի հայտարարության, 2023 թվականի հունվարի 1-ից «Գազպրոմը հասել է Չինաստանին գազ մատակարարելու հարցում սկզբունքորեն նոր մակարդակի»:

Այս ընթացքում, սակայն, Պեկինը ձեռնպահ է մնում ցանկացած գործունեությունից, որը կարող էր իրեն դնել ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ: Օրինակներից մեկն այն է, որ չկան փաստեր այն մասին, որ Ռուսաստանը էլեկտրոնիկա է ստանում Ուկրաինայում կիրառվող զենքերի համար:

Ակնհայտ է նաև, որ չինական բանկային համակարգը չի դարձել միջազգային ֆինանսական շրջափակումից խուսափելու համար Ռուսաստանի ֆինանսական ապաստարան: Այս մասին է ասում «Открытие» բանկի նախկին ղեկավար Միխայիլ Զադորնովը:

Սակայն, լավ հասկանալով Պեկինի կարեւորությունն իր համար, Մոսկվան երբեք չի քննադատում ու կշտամբում նրան:

Ընդհակառակը, անընդհատ շեշտում է, ՛՛որ երկու երկրներն էլ ունեն մեկ թշնամի, որը հավաքական Արեւմուտքն է՛՛:

2022-ի վերջին նախագահ Ջո Բայդենը հանդիպում ունեցավ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ ‘’Մեծ քսանյակ’’-ի գագաթաժողովի շրջանակներում: Հանդիպում, որն ունեցավ Ուկրաինայի դեմ սկսված ագրեսիայի հետ անմիջականորեն առնչվող արդյունք. Բայդենն ու Սի Ցզինպինը հայտարարեցին, որ չեն ընդունում Ուկրաինայում միջուկային զենքի սպառնալիքը։

Դրանից հետո Պուտինը ստիպված եղավ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ համատեղ հայտարարությամբ հաստատել, որ ‘’միջուկային պատերազմներում հաղթողներ չեն կարող լինել, և այն երբեք չպետք է տեղի ունենա’’:

Կարո՞ղ է Վաշինգտոնը համոզել Պեկինին խզել իր հարաբերությունները Մոսկվայի հետ, որպեսզի Ռուսաստանը դադարեցնի մարտերն Ուկրաինայում: Սա առաջին հերթին կախված է ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերություններից, որոնցում փորձագետները, լուրջ դրական փոփոխություններ չեն ակնկալում:

Բալիում Սի Ցզինպինի հետ հանդիպումից հետո Ջո Բայդենը հայտարարեց, որ «Չինաստանի հետ «սառը պատերազմ» չի լինի։ Այնուամենայնիվ, Բրուքինգսի հաստատության վերլուծաբան Ռայան Հասն իր հոդվածներից մեկում գրում է. «Չկա Միացյալ Նահանգների նկատմամբ Չինաստանի արտաքին քաղաքականության որևէ մեղմացման մասին արժանահավատ որեւէ նշան»: Նա հիշեցնում է Սի Ցզինպինի կողմից բազում անգամ արված այն հայտարարությունը, որ Չինաստանը պետք է «պայքարի» ընդդեմ Չինաստանի վերելքի դեմ գործող Արեւմուտքի:

Այնուամենայնիվ, վերլուծաբանը գտնում է, որ Վաշինգտոնն ունակ է ազդելու Չինաստանի վրա: Դրա ապացույցներից մեկն այն է, որ Չինաստանը Ռուսաստանին ցույց չի տալիս Ուկրաինայի պատերազմի նպատակով նյութական նկատելի աջակցություն:

«Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում Լուիսվիլի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Չարլզ Զիգլերը պնդում է, որ ԱՄՆ-ը պետք է նուրբ հավասարակշռություն գտնի Չինաստանի հետ հարաբերություններում. ‘’Մենք պետք է ազդանշան ուղարկենք Չինաստանին, որ ավելի պատրաստ կլինենք համագործակցել տեխնոլոգիների, առևտրի և ներդրումների հետ կապված մի շարք հարցերի շուրջ, եթե Չինաստանը շարունակի ձեռնպահ մնալ Ռուսաստանին զենք մատակարարելուց կամ թուլացնի աջակցությունը Մոսկվային:

Արժե նաև ուժեղացնել վստահության միջոցները ռազմական ոլորտում’’, ասում է նա:

Կարնեգի հիմնադրամի փորձագետ, Չինաստանի հարցերով մասնագետ Ալեքսանդր Գաբուևն «Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցում ասում է, թե Մոսկվա-Պեկին կապերն այս պահին ավելի են ամրապնդվում:

«Չինաստանը ռուսական նավթի ամենամեծ ներկրողն է և դեպի Ռուսաստան ապրանքների ամենամեծ արտահանողը։ Առևտուրն աճում է, իսկ 2022 թվականին այն գերազանցել է նախորդ՝ 2021 թվականի ծավալները, եւ հավանական է , որ այն ավելի աճի: ‘’Առայժմ ես որևէ փոփոխություն չեմ տեսնում Ռուսաստանի նկատմամբ Չինաստանի քաղաքականության մեջ’’, ասում է նա։

Նրա խոսքերով, Չինաստանը կանտեսի ագրեսորի հետ կապերը խզելու եղանակով միջազգային իր իմիջը բարձրացնելու կոչերը: ‘’Չինաստանը համոզված է, որ իր դեմ ճնշումները ոչ թե Պուտինին աջակցելու պատճառով են, այլ տեխնոլոգիական ոլորտում իր հաջողությունները, Հոնկոնգում խոսքի ազատությունը ճնշելու փաստը եւ տարբեր ոլորտներում ԱՄՆ-ի հետ մրացկցությունը: Չինաստանին ընդհանրապես չի հուզում միջազգային ասպարեզում իր իմիջը բարձրացնելու հարցը’’, ասում է նա:

Արամ Վանեցյան

Դանիլա Գալպերովիչ