13-րդ ընտրությունը ևս տապալվեց. Մաքքարթիին դեռ չի հաջողվում դառնալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հանրապետականների առաջնորդ Քևին Մաքքարթիին չհաջողվեց ընտրվել պալատի նախագահ հերթական՝ 13-րդ քվեարկությունների արդյունքում: Նրա թեկնածությունը հրաժարվում են պաշտպանել մի խումբ պահպանողական հանրապետականներ:

Կոնգրեսում 16 տարվա փորձառությամբ օրենսդիր Մաքքարթին Հանրապետական կուսակցության առաջնորդն էր նախորդ Կոնգրեսում: Նա վաղուց էր ցանկանում դառնալ Ներակայացուցիչների պալատի նախագահ: Սակայն դեռեւս չի կարողանում հավաքել դրա համար անհրաժեշտ առնվազն 218 անդամների համաձայնույթունը: Այսօր անցկացված քվեարկության բոլոր փուլերը նույնպես անհաջող ավարտվեցին նրա համար:

Հանրապետական կուսակցության շարքերում պահպանողական անդամները շարունակում են պնդել, որ նա գաղափարապես բավականաչափ ուժեղ չէ առաջատար այս պաշտոնը ստանձնելու համար:

Ավելի քան 100 տարվա ընթացքում սա առաջին դեպքն է, երբ Ներկայացուցիչների պալատն առաջին իսկ փորձով խոսնակ չի ընտրում:

Քվեարկության չորրորդ փուլը տեղի ունեցավ մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ կոչ արեց Մաքքարթիին ընտրել խոսնակ՝ նրան անվանելով «իմ Քևինը»:

«Ժամանակն է, որ Ներկայացուցիչների պալատի մեր բոլոր հանրապետականները քվեարկեն Քևինի օգտին, փակեն գործարքը և հաղթեն»,- գրել է Թրամփը Twitter-ում։

Թրամփը հորդորեց 118-րդ Կոնգրեսի փոքրաթիվ հանրապետական մեծամասնությանը «հրաշալի հաղթանակը չվերածել հսկա և ստոր պարտության»։

Սակայն Թրամփի այս հայտարարությունը ոչ մի ազդեցություն չունեցավ։

Նախագահ Ջո Բայդենը նույնպես մեկնաբանել է ներկա փակուղին.

«Կարծում եմ՝ մի տեսակ ամոթալի է, որ այս ընտրությունն այսքան երկար է տեւում, երբ ամբողջ աշխարհն է հետևում դրան: Մենք պետք է կենտրոնանանք մեր գործերի վրա», ասել է Բայդենը:

Մաքքարթին նախապես էր խոստացել պայքարել, նույնիսկ եթե ինքն անմիջապես չհաղթի: Ինչպես շատերն են ասում, չկա այսօր մեկ այլ ակնհայտ թեկնածու, որը կարող էր նշանակալի մարտահրավեր նետել խոսնակի պաշտոնին:

Քանի դեռ Քևին Մաքքարթին չի կարողանում մեծամասնություն ստանալ, պալատի անդամները պետք է շարունակեն քվեարկել այնքան ժամանակ, մինչև հայտնվի հաղթող: