ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հանրապետականների առաջնորդ Քևին Մաքքարթիին չհաջողվեց ընտրվել պալատի նախագահ այստեղ անցկացված 11 քվեարկությունների արդյունքում: Նրա թեկնածությունը հրաժարվում են պաշտպանել կարծրդիրքային հանրապետականները:
Կոնգրեսում 16 տարվա փորձառությամբ օրենսդիր Մաքքարթին Հանրապետական կուսակցության առաջնորդն էր նախորդ Կոնգրեսում, որի ժամկետը լրացավ երեքշաբթի օրը: Իսկ Մաքքարթին վաղուց էր ցանկանում դառնալ Ներակայացուցիչների պալատի նախագահ: Սակայն նա դեռեւս չի կարողանում հավաքել դրա համար անհրաժեշտ առնվազն 218 անդամների համաձայնույթունը: Չորեքշաբթի օրն անցկացված քվեարկության բոլոր փուլերը նույնպես անհաջող ավարտվեցին նրա համար:
Հանրապետական կուսակցության շարքերում պահպանողական անդամները շարունակում են պնդել, որ նա գաղափարապես բավականաչափ ուժեղ չէ առաջատար այս պաշտոնը ստանձնելու համար:
Ավելի քան 100 տարվա ընթացքում սա առաջին դեպքն է, երբ Ներկայացուցիչների պալատն առաջին իսկ փորձով խոսնակ չի ընտրում:
Քվեարկության չորրորդ փուլը տեղի ունեցավ մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ կոչ արեց Մաքքարթիին ընտրել խոսնակ՝ նրան անվանելով «իմ Քևինը»:
«Ժամանակն է, որ Ներկայացուցիչների պալատի մեր բոլոր հանրապետականները քվեարկեն Քևինի օգտին, փակեն գործարքը և հաղթեն»,- գրել է Թրամփը Twitter-ում։
Թրամփը հորդորեց 118-րդ Կոնգրեսի փոքրաթիվ հանրապետական մեծամասնությանը «հրաշալի հաղթանակը չվերածել հսկա և ստոր պարտության»։
Սակայն Թրամփի այս հայտարարությունը ոչ մի ազդեցություն չունեցավ։
Հանրապետական Լորեն Բոբերթը, չորեքշաբթի օրը ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատում, հայտարարեց, որ Թրամփը «պետք է Քևին Մաքքարթիին ասի. դու ձայն չունես, ժամանակն է, որ հանես թեկնածությունդ»։
Նախագահ Ջո Բայդենը նույնպես մեկնաբանել է ներկա փակուղին.
«Կարծում եմ՝ մի տեսակ ամոթալի է, որ այս ընտրությունն այսքան երկար է տեւում, երբ ամբողջ աշխարհն է հետևում դրան: Մենք պետք է կենտրոնանանք մեր գործերի վրա», ասել է Բայդենը:
Մաքքարթին նախապես էր խոստացել պայքարել, նույնիսկ եթե ինքն անմիջապես չհաղթի: Ինչպես շատերն են ասում, չկա այսօր մեկ այլ ակնհայտ թեկնածու, որը կարող էր նշանակալի մարտահրավեր նետել խոսնակի պաշտոնին:
Քանի դեռ Քևին Մաքքարթին չի կարողանում մեծամասնություն ստանալ, պալատի անդամները պետք է շարունակեն քվեարկել այնքան ժամանակ, մինչև հայտնվի հաղթող:
12-րդ քվեարկությունը կանցկացվի ուրբաթ օրը: