Միացյալ Նահանգների 118-րդ Կոնգրեսը սկսել է իր աշխատանքը: Օրակարգում այն հարցն է, թե արդյոք Կալիֆորնիայի կոնգրեսական Քևին Մաքքարթին բավականաչափ հանրապետական ձայներ կստանա Ներկայացուցիչների պալատի նախագահ դառնալու համար:
57-ամյա Մաքքարթին, ով տարիներ շարունակ ցանկանում էր ղեկավարել 435 օրենսդիրներից բաղկացած պալատը, մոտ է խոսնակի ընտրություններում հաղթելուն, բայց դեռպարզ չէ՝ կարող է ստանալ 218 ձայն և ապահովել մեծամասնություն:
Նոյեմբերի ընտրությունների արդյունքում հանրապետականները ստացել են 222 մանդատ Ներկայացուցիչների պալատում, մինչդեռ դեմոկրատները՝ ընդամենը 213: Այսպիսով, հանրապետականները կվերահսկեն պալատը և խոսնակի աթոռը, որը զբաղեցնում էր դեմոկրատ Նենսի Փելոսին։
Ինչ վերաբերում է Սենատին, ապա նախորդ գումարման ժամանակ դեմոկրատներն ու հանրապետականներն ունեին 50 մանդատ, սակայն վերջին ընտրություններում դեմոկրատները մի փոքր առավելություն ստացան և այժմ կունենան 51 ձայնի մեծամասնություն։
Պահպանողական Մաքքարթին նոյեմբերին հավաքել է 188 ձայն և դրանից հետո ստացել է լրացուցիչ աջակցություն՝ 218 ձայների մեծամասնությունը հավաքելու իր հայտում խոսնակ ընտրվելու համար:
Այնուամենայնիվ, մի խումբ ծայրահեղ աջ հանրապետական կոնգրեսականներ՝ հինգ և ավելի հոգի, դեմ են Մաքքարթիի խոսնակի պաշտոնում ընտրվելուն՝ համարելով, որ նա բավականաչափ նվիրված չէ պահպանողական գործին:
Նրանք խոստացել են դեմ քվեարկել Մաքքարթիին, ինչը կարող է խանգարել նրան ստանալու անհրաժեշտ մեծամասնությունը, քանի որ բոլոր դեմոկրատները գրեթե անկասկած կքվեարկեն Նյու Յորք նահանգը ներկայացնող կուսակցության նոր առաջնորդ Հակիմ Ջեֆրիսի օգտին:
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Մաքքարթին բազմիցս խոսել է իրեն դեմ հանդես եկող հանրապետականների խմբի հետ նրանց աջակցությունը ստանալու համար:
Նա առաջարկել է մի քանի փոփոխություններ Ներկայացուցիչների պալատի աշխատանքի և նշանակումներ հանձնաժողովներում, որտեղ քննարկվում են հիմնական օրինագծերը:
Վերջին հարյուր տարվա ընթացքում չի եղել դեպք, որ Ներկայացուցիչների պալատի նախագահն առաջին քվեարկությամբ չընտրվի:
Եթե Մաքքարթին չհավաքի անհրաժեշտ 218 ձայնը, ապա կլինի քվեարկության մեկ կամ մի քանի փուլ։
Ներկայացուցիչների պալատի քարտուղարը կկանչի պալատի բոլոր 435 անդամներին, քանի դեռ Մաքքարթին կամ մեկ ուրիշը մեծամասնություն չունենան խոսնակ դառնալու համար:
Ներկայացուցիչների պալատի ընտրությունները շարունակվում են:
Նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը քննադատել է օրենսդիրների կողմից Ներկայացուցիչների պալատի խոսնակ ընտրելու հետ կապված իրավիճակը, որն ըստ նախագահի՝ վատ է անդրադառնում երկրի վրա:
Այդ ընթացքում, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, չորեքշաբթի օրը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում մեկնարկել է խոսնակի ընտրության հինգերորդ քվեարկությունը։ Առանց այս պաշտոնի թեկնածուի հաստատման՝ Կոնգրեսի ստորին պալատի նոր կազմը չի կարող սկսել աշխատանքը։ Հիշեցնենք, որ խոսնակ է ընտրվում մեծամասնություն ստացած կուսակցության ներկայացուցիչը։ Հանրապետական Քևին Մաքքարթին երեքշաբթի օրվանից այդպեսս էլ չկարողացավ հավաքել անհրաժեշտ թվով ձայներ, քանի որ նրա թեկնածությանը դեմ են հանրապետական մի շարք օրենսդիրներ:
Ամբողջ երեքշաբթի երեկոյան և չորեքշաբթի առավոտյան Ներկայացուցիչների պալատում հանրապետականները խորհրդակցություններ էին անցկացնում ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար։
Նրանք, ովքեր դեմ են քվեարկել Մաքքարթիի թեկնածությանը, հրապարակայնորեն հայտարարել են, որ չեն գնա փոխզիջումների: Նրանք ասում են, որ ցանկանում են կանոնակարգի փոփոխություններ, որոնք իրենց ավելի մեծ վերահսկողություն կտա խոսնակի գործունեության համար և ավելի մեծ ազդեցություն օրինագծերի քվեարկության հարցում: Մաքքարթիի հակառակորդները որպես այլընտրանքային թեկնածու առաջարկեցին Օհայոյի կոնգրեսական Ջիմ Ջորդանին, թեև Ջորդանն ինքը պաշտպանում է Մաքքարթիի թեկնածությունը։
Մաքքարթիի կողմնակիցները, ով Ներկայացուցիչների պալատի հանրապետականների առաջնորդն է 2019 թվականից, հակառակորդներին մեղադրում են Մաքքարթիի դեմ անձամբ քարոզարշավ իրականացնելու և Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովներում ազդեցիկ տեղեր գրավելու փորձի մեջ։ Ինքը՝ Մաքքարթին, խոստացել է երեքշաբթի երեկոյան շարունաել պայքարը խոսնաի աթոռի համար։