2023 թվականի Սպառողական էլեկտրոնիկայի ցուցահանդեսն ավանդաբար անցկացվում է Լաս Վեգասում: Ինչպես կազմակերպիչներն են ասում, քովիդից հետո շարունակված խնդիրներն աստիճանաբար վերանում են եւ ցուցահանդեսը վերադառնում է իր ամբողջ թափով:
Թվային առողջության, տրանսպորտի և մետավերսի ոլորտում վերջին նորարարությունները տեխնոլոգիական առաջընթացներից ընդամենը մի քանիսն են, որոնք ցուցադրվելու են CES 2023 անվանումը կրող սպառողական էլեկտրոնիկայի ցուցահանդեսում: Այս տարվա թեման է՝ տեխնոլոգիան օգնում է հաղթահարել աշխարհի ամենամեծ մարտահրավերները...
‘’Սկայպ’’-ի միջոցով ցուցահանդեսի փոխնախագահ Ջոն Քելլին ասում է. ‘’Մենք համագործակցել ենք ՄԱԿ-ին կից Արվեստների և գիտությունների համաշխարհային ակադեմիայի հետ՝ նպատակ ունենալով ցույց տալ, թե ինչպես է տեխնոլոգիան օգնում պաշտպանել մարդու անվտանգությունը եւ մարդկային իրավունքները’’:
‘’Սննդի անվտանգություն, սննդի հասանելիություն, Էկոլոգիական անվտանգություն, կայունություն: Կատեգորիաներ, որոնց վերջերս ավելացրել ենք շարժունակությունը’’, ասում են կազմկերպիչները:
Շոուի կազմակերպիչներն ակնկալում են ավելի մեծ ուշադրություն մետավերսի վրա՝ օգտատերերին միացնող ընդհանուր թվային իրականություն, որն իրար է կապում օգտատերերին եւ համաշխարհային ցանցի երրորդ սերունդ համարվող Web 3.0-ին:
Ավտոմոբիլները միշտ են մեծ ներկայություն ունեցել ամենամյա այս ցուցահանդեսում: Այս տարի այստեղ ներակայացվում է 300 նմուշ: Կազմակերպիչներն ասում են, որ աճ է նկատվում նաև ծովային տեխնոլոգիաների ոլորտում, քանի որ նավ արտադրող ավելի ու ավելի մեծ թվով ընկերություններ են ուղղություն վերցնում դեպի վերարտադրվող էներգիա:
Մարտկոցով աշխատող WasteShark-ը, թարգմանաբար` Աղբ կլանող շնաձուկը ինքնավար մակերևութային նավ է, որը նախատեսված է ջրիմուռները, կենսազանգվածը և լողացող թափոնները լճերից, լճակներից և այլ ափամերձ ջրային ուղիներից հեռացնելու համար:
Թվային առողջարանում շոուն կներառի ապրանքներ տեսողության խանգարումներ ունեցող մարդկանց համար, ինչպիսիք են տարիքային մակուլյար դեգեներացիան: Այն մի վիճակ է, երբ հիվանդը տեսողական դաշտի կենտրոնում տեսնում է միայն մշուշոտ պատկեր, կամ այդ հատվածում տեսողությունը բացակայում է ամբողջությամբ:
Տորոնտոյի eSight ընկերության ներկայացուցիչ Ռոլանդ Մաթերնի խոսքերով, Նման հիվանդությամբ տառապող մարդիկ, դիմացի մարդուն նայելիս, տեսադաշտի կենտրոնում տեսնում են մշուշոտ պատկեր, առանց դիմագծերի, պարզապես հարթ պատկեր:
Սակայն սարքը կիրառելիս, արդեն իսկ երեւում են հոնքերը, բերանը, նաեւ աչքերի որոշ հատվածներ: Իսկ երբ սարքը մեծացնում է պատկերը, մշուշոտ հատվածները գրեթե ամբողջությամբ են վերանում:
Ցուցահանդեսը, որտեղ ապրանքների մեկ երրորդը ներկայացնում են ոչ ամերիկյան ընկերությունները, հիմնական ուշադրությունը սեւեռում է վերականգնվող էներգիայի, օդն ու ջուրը չաղտոտող սարքերի եւ քիչ էներգիա սպառող այն ապրաքների վրա, որոնք կիրառվելու են մարդկանց տներում եւ աշխատավայրերում:
Ցուցահանդեսը Լաս Վեգասում բացվում է հունվարի 5-ին:
Արամ Վանեցյան
Ջուլի Թաբոհ