Հյուսիսային Կորեան պատրաստվում է կտրուկ ավելացնել միջուկային մատագլխիկների թիվը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը խոստացել է կտրուկ կերպով ավելացնել միջուկային մարտագլխիկների արտադրությունը և կառուցել նոր հեռահար հրթիռներ: Այս մասին հաղորդում են այս երկրի պետական լրատվամիջոցները:

Իշխող կուսակցության մեծ ժողովում արտասանած ելույթում Կիմը կոչ է արել համակողմանի ջանքեր գործադրել՝ զարգացնելու «ճնշող ռազմական հզորություն»՝ հակազդելու ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների թշնամական քայլերին, ասվում է ամփոփագրում:

Կիմն ասել է, թե Հարավային Կորեան «բացահայտ թշնամի» է, ինչը մեծացնում է Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային մարտագլխիկների, այդ թվում մարտավարական միջուկային զենքի արտադրությունը արագ ավելացնելու անհրաժեշտությունը:

Օտարերկրյա փորձագետների տեղեկություններով, Հյուսիսային Կորեան արդեն իսկ ունի բավականաչափ տրոհվող նյութ` միջուկային մոտ 50 զենք ստեղծելու համար, ինչպես նաև աճող թվով հրթիռներ, որոնք կարող են նման մարտագլխիկներ կրել:

Շաբաթ օրը իր ելույթում Կիմը կոչ է արել ստեղծել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ՝ «արագ միջուկային հակահարձակման ունակությամբ»: Սրանով նա հավանաբար, ակնարկում է պինդ վառելիքով թռչող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներին, որոնք կարող են արձակվել շատ ավելի արագ, քան հեղուկ վառելիքով հրթիռները, ասում են փորձագետները:

Հյուսիսային Կորեան նաեւ պատրաստվում է շուտով արձակել իր առաջին լրտեսական արբանյակը, հավելել է Կիմը։

Հարավային Կորեայի զինված ուժերը հայտարարել է, որ Կիմ Չեն Ընի մեկնաբանությունները «լրջորեն խաթարում են խաղաղությունն ու կայունությունը» և նախազգուշացրել է, որ «Կիմ Չեն Ընի ռեժիմը կկործանվի, եթե Հյուսիսային Կորեան փորձի կիրառել միջուկային զենք»:

''Ռոյթերս''