Բելառուսները եղել են Ուկրաինայում օտարերկրյա զինյալների ամենահայտնի կոնտինգենտներից մեկը: Բելառուսի կամավորները՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի հակառակորդները, ուկրաինական ուժերի կողքին կռվում են 2014 թվականից։
Երբ Ռուսաստանը փետրվարի 24-ին ներխուժեց Ուկրաինա, հարյուրավոր բելառուսներ որոշեցին միանալ կռվին՝ ձևավորելով «Կաստուշ Կալինոնոսկի» գունդը: 1863 թվականին ռուսական կայսրության դեմ ապստամբություն նախաձեռնած բելառուս գրողի և հեղափոխականի անունը կրող կամավորական գունդը բաղկացած է մի քանի հարյուր մարտիկներից։
Գնդում շատերը ներկայանում են մականուններով՝ վախենալով իրենց և իրենց ընտանիքների դեմ հաշվեհարդար տեսնելուց: Գնդի ղեկավարները կարծում են, որ իրենց դերն օգնել է Ուկրաինային պայքարել ազատության համար:
Գնդի հրամանատարներից մեկի խոսքով՝ «Բելառուսները, ովքեր կարծում են, որ Ուկրաինան տառապում է, գալիս են այստեղ և զենք վերցնում։ Նրանք գործով ցույց են տալիս, որ Ուկրաինան օգնության կարիք ունի հիմա։ Մեր գնդին միացած տղաները կարծում են, որ Ուկրաինան պետք է ազատվի Պուտինից, և որ Բելառուսը պետք է զերծ լինի Պուտինի և Լուկաշենկոյի ագրեսիայից: Ուստի ես կարծում եմ, որ սա բելառուսական նոր բանակի հիմքն է»:
Հրամանատրը, ով ծառայել է ուկրաինական «Ազով» գումարտակում 2015- 2016 թվականներին, «Ամերիկայի ձայնին» ասել է, որ կանգնելով ուկրաինացիների կողքին՝ նրանք ոչ միայն օգնում են Ուկրաինային, այլև պայքարում են սեփական երկրի ազատության համար, որը թեև անկախ է, բայց Ռուսաստանի մերձավոր դաշնակիցն է։
«Բելառուսը օկուպացված է, մշակույթը ոչնչացված է, լեզուն ոչնչացվում է: Մեր ստորաբաժանումով փորձում ենք վերակառուցել մշակույթը, լեզուն։ Եվ գլխավորը, որ մենք կցանկանայինք ցույց տալ, որ իսկական բելառուսներ գոյություն ունեն: Նրանք այստեղ են, օգնում են։ Մեզ նման շատերը դեռ կան Բելառուսում, բայց նրանք ճնշված են ռեժիմի կողմից»,-ասել է մեկ այլ հրամանատար:
Զորամիավորման բոլոր անդամները հասկանում են իրենց դերը:
Գնդի անդամներից մեկի խոսքով՝ «Ռուսաստանի Դաշնությունը, Պուտինն ու նրա հետախույզ Լուկաշենկոն գողացան մեր երկիրը, մեր անկախությունը»:
«Միրեկ» մականունով զինվորը ծառայել է Բելառուսի ՆԳՆ ուժերում մինչև 2020 թվականի բողոքի շարժումը: Բողոքի արյունալի ճնշումից հետո նա հասկացել է, որ այլևս չի կարող ծառայել Լուկաշենկոյի կառավարությանը: Այժմ նա «Կալինովսկու» գնդում է, պատրաստվում է մեկնել առաջնագիծ։
«Զիգգի» մականունով լիտվացի զինվորական մարզիչը դաշտում մարզում է զինվորներին՝ համոզվելով, որ նրանք պատրաստ են իրական մարտի։
Նա ասում է, որ այնտեղ է ռուսների պատճառով իր ընտանիքի տառապանքների դիմաց վրեժ լուծելու համար:
«Իմ պապիկներին ու տատիկներին ուղարկել են Սիբիրում գտնվող Գուլագ։ Եկել է հատուցման ժամը: Այսպիսով, դա իմ պատերազմն է, իմ ընտանիքի, իմ հարեւանների համար է: Որովհետև այս պատերազմը կարող է հասնել մեր դռներին, եթե ոչ հիմա, գուցե ավելի ուշ, մենք հիմա հնարավորություն ունենք կանգնեցնել Պուտինին այստեղ»,-ասել է նա:
Գնդի շատ մարտիկներ կարծում են, որ ուկրաինական հաղթանակն ի վերջո կբերի նրան, որ կունենան Ռուսաստանի ազդեցությունից զերծ Բելառուս:
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Օլեքսի Դանիլովի խոսքով՝ Ուկրաինայի կառավարությունը ճանաչում է և նպաստում օտարերկրյա գրոհայինների ներդրմանը:
«Ես երախտապարտ եմ վրացիներին, ովքեր կռվում են մեր տարածքում, մոլդովացիներին և բելառուսներին։ Այս պայքարում մեզ օգնում են ներկայումս Ռուսաստանի Դաշնության կողմից օկուպացված բոլոր երկրների գիտակից քաղաքացիները։ Նրանք գիտակցում են, որ պայքարում են ոչ միայն մեր, այլեւ իրենց ազատության համար»,-ընդգծել է Դանիլովը:
Հենց պատերազմն ավարտվի, հավելում է նա, բոլոր նշված երկրները լիովին կազատվեն ռուսական ազդեցությունից և վերջնականապես կդառնան Եվրոպայի մաս, որին նրանք պատկանում են։