Ուկրաինան կոչ է արել ՄԱԿ-ի անդամ պետություններին վերականգնել կազմակերպության այն կանոնադրության կիրառումը, որը վերաբերում է այս կազմակերպության կազմում Ռուսաստանի անդամակցության հարցին եւ այդ կանոնադրության համաձայն` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակից Ռուսաստանին զրկելուն եւ ընդհանրապես` ՄԱԿ-ի կազմից դուրս բերելուն:
‘’Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից Ռուսաստանի հեռացումը հետադարձ ուժ չի ունենա այս մարմնի կողմից նախկինում ընդունված որոշումների վրա’’, ասված է Ուկրաինայի ԱԳՆ-ի կողմից դեկտեմբերի 26-ին տարածված հայտարարության մեջ։
‘’Ռուսաստանի Դաշնությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի տեղը զբաղեցրել է՝ շրջանցելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված ընթացակարգերը։ Դա տեղի է ունեցել ՌՍՖՍՀ նախագահ Բորիս Ելցինի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված հերթական նամակի հիման վրա, որն ուղարկվել է 31 տարի առաջ դեկտեմբերի 24-ին։ Մենք կարծում ենք, որ, առաջնորդվելով ՄԱԿ-ի անդամների հավասար իրավունքների սկզբունքով, Ռուսաստանի Դաշնությունը, մյուս երկրների պես, պետք է գնա Կազմակերպությանն անդամակցելու նույն միջազգային ճանապարհով’’ ընդգծված է փաստաթղթում։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հիշեցնում է, որ ‘’Ռուսաստանի Դաշնությունը երբեք չի անցել անդամակցության հասնելու օրինական ընթացակարգ և անօրինական կերպով է զբաղեցնում ԽՍՀՄ-ի տեղը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում’’։
‘’Իրավական և քաղաքական տեսակետից կարող է լինել միայն մեկ եզրակացություն՝ Ռուսաստանը յուրացնում է Խորհրդային Միության տեղը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում’’,- ընդգծում է Ուկրաինայի ԱԳՆ-ն։
Գերատեսչության ղեկավար Դմիտրի Կուլեբան Facebook-ում նշել է, որ «31 տարի առաջ ռուսական պատվիրակությունը, փաստորեն, պարզապես, առանց օհինական հիմունքների, զբաղեցրեց ԽՍՀՄ-ի աթոռը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, մի պետություն, որն այն ժամանակ արդեն իսկ դադարել էր գոյություն ունենալ’’:
‘’Խարտիայի ոտնահարումը տեղի է ունեցել «ԽՍՀՄ» ցուցանակները «Ռուսաստանի Դաշնություն» պարզ բառափոխության հիման վրա’’,- հայտարարել է Կուլեբան։
Ինչպես հիշեցրել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը ‘’Ամերիկայի Ձայն’’-ին, Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան դարձել է ՄԱԿ-ի կանոնադրության համար մարտահրավեր։
‘’Մենք չենք կարծում, որ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող գործողությունները սազական են մի երկրի, որը Անվտանգության խորհրդի մշտական անդամ է։ Այդ պատճառվ, մենք այսօր աշխատում ենք նրանց այս կառույցից մեկուսացնելու եւ դատապարտելու ուղղությամբ’’, ասել է դեսպան Թոմաս-Գրինֆիլդը:
Նա մասնավորապես նշել է, որ արդեն իսկ դադարեցվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի աշխատանքներին Ռուսաստանի մասնակցությունը։
Քաղաքական հետազոտությունների Penta կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Ալեքսանդր Լեոնովը նշում է, որ տեխնիկապես հեշտ չի լինի Ռուսաստանին վտարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից։ ‘’Սակայն,- ասում է նա,- ի լրումն Ուկրաինայի ԱԳՆ-ի հայտարարությանը, ԱՄՆ-ի մի շարք կոնգրեսականներ եւս սկսել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից Ռուսաստանին հեռացնելու մեխանիզմները վերանայելու նախաձեռնություն: Ակնհայտ է, որ նման նախաձեռնությունը կհանդիպի Չինաստանի կոշտ դիմադրությանը։ Եվ դա ոչ թե այն պատճառով, որ Պեկինը պատրաստ է ծանր պայքար տանել հանուն Ռուսաստանի համար, այլ որովհետև Չինաստանի համար առկա է Թայվանի խնդիրը’’։
Տեխնիկապես մոտ ապագայում այդ հարցը լուծելն անհավանական դժվար կլինի, եթե ոչ անհնարին, նշում է փորձագետը։
‘’Սակայն նման նախաձեռնությունների փաստը և դրանց քննարկումը ՄԱԿ-ում բավականին լուրջ ազդանշան է այլ պետությունների համար’’,- ասում է Լեոնովը։ -Կա մեկ այլ գաղափար՝ ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նոր անդամներով, ընդգրկելով օրինակ Հնդկաստանին, Ճապոնիային, Գերմանիային, որոնք ունակ են ազդել համաշխարհային քաղաքականության վրա։ Նման քայլը կարող է նվազեցնել Ռուսաստանի կարգավիճակն ու կշիռը ՄԱԿ-ում’’:
Միաժամանակ, Ալեքսանդր Լեոնովը կարծում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից և այլ միջազգային հարթակներից Ռուսաստանին դուրս թողնելու հանգամանքը կարող է հանգեցնել Մոսկվայի է՛լ ավելի մեծ գլոբալ մեկուսացման։
‘’Աշխարհն, այնուամենայնիվ, Ռուսաստանի վրա ազդելու հնարավորություն չունի։ Բայց, մյուս կողմից, ՄԱԿ-ից Ռուսաստանի հնարավոր դուրսմղումը կազմակերպությանն ավելի վճռական կդարձներ Ուկրաինայի պատերազմի հետեւանքները հաղթահարելու հարցում։ Հավանաբար, մեծ ջանքեր ու հնարավորություններ կլինեին ագրեսորի վրա ճնշում գործադրելու համար»,- պարզաբանում է փորձագետը։
Միասնական համակարգող կենտրոն» սոցիալական և հումանիտար նախաձեռնությունների և նորարարությունների հարթակի ղեկավար Օլեգ Սահակյանն ասում է. «ՄԱԿ-ից Ռուսաստանին վտարելու հարցի շուրջ երկար խորհրդակցություններ են տեղի ունեցել, և ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայության օրինականությունը կասկածելի է։ Եվ այսօր ուկրաինացի դիվանագետները փորձում են այս հարցը քաղաքական հարթությունից տեղափոխել իրավական հարթություն: Հիմա հարցն այն է, թե արդյոք դա կհաջողվի իրականացնել’’, ասում է նա:
Նրա կարծիքով, քննարկման ընթացքը կախված կլինի ազդեցիկ երկրների միջեւ փոխզիջումներից։
‘’Բայց կարևորն այն է, որ Ուկրաինան մեկնարկեց այս գործընթացը: Դա կարող է նաեւ ազդանշան լինել ագրեսոր այլ երկրների համար’’,- ընդգծում է վերլուծաբանը։
Արամ Վանեցյան
Տարաս Բուրնոս