Աֆղանստանցիները բողոքում են թալիբների կողմից աղջիկների կրթության արգելքի դեմ

Հակառակելով աղջիկների համար համալսարանական կրթության թալիբների վերջին արգելքին` տասնյակ աֆղանցի կանանց իրավունքների ակտիվիստներ և ուսանողուհիներ բողոքի ցույց են կազմակերպել Քաբուլ, Թախար և Նանգարհար նահանգներում: Կանայք պահանջում են կրթության և աշխատանքի հասանելիություն։

«Իրավունքներ բոլորի համար, կամ ոչ մեկի», վանկարումներով իսլամական հիջաբ կրող կանայք երթ են անցկացրել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում, որտեղ գտնվում են երկրի խոշորագույն համալսարանները:

Ուսանոց ցուցարար Ռամզիա Սայեդիի խոսքով՝ «Թալիբանն ապացուցեց, որ չի փոխվել։ Նրանք խիստ սահմանափակումներ են մտցրել կանանց նկատմամբ՝ արգելելով հասարակական կյանքով ապրելու և կրթություն ստանալու իրավունքը։ Թալիբները նույնիսկ մահապատժի են ենթարկել ու մտրակել կանանց հրապարակավ։ Միջազգային հանրությունը մեզ` բոլորիս մենակ թողեց։ Մենք քաղաքական հենարան չունենք»։

Ականատեսներն ասում են, որ Քաբուլում բողոքի ակցիաները արագորեն դադարեցվել են թալիբների անվտանգության աշխատակիցների կողմից, և առնվազն հինգ կին և մի քանի տղամարդ ցուցարարներ ձերբակալվել են:

Կանանց ակտիվիստական խմբերին առնչվող աղբյուրները հաստատել են, որ ձերբակալվածներից երկուսն ազատ են արձակվել: Ցույցին մասնակից որոշ կանայք ասում են, որ չեն դադարեցնի բողոքի ակցիաները:

«Թալիբանի ուժերը մեզ ծեծի ենթարկեցին և ձերբակալեցին մեր կին և տղամարդ ցուցարարներին ու տարան: Նրանք մեզ ցրեցին իրարից։ Այնուամենայնիվ, մենք պայքարելու ենք մեր իրավունքների համար»,-ասել է Ռազիա Սուլթանին։

Թալիբանի պաշտոնյաներն այս շաբաթ հայտարարել են, որ իգական սեռի ուսանողներին արգելվել է Աֆղանստանի մասնավոր և պետական համալսարաններ մուտք գործել:Արգելքը հայտարարվել է ավարտական քննություններից ընդամենը մեկ օր առաջ։

Ըստ Քաբուլի բժշկական համալսարանի ուսանող Բահար Ահմադզայի՝

«Այդ գիշեր ես սովորել և պատրաստվել էի քննությանս մինչև ուշ գիշեր։ Հենց արթնացա ու տեսա արգելքի մասին լուրը, երազներս կոտրվեցին։ Ես սկսեցի լաց լինել։ Ինչո՞ւ են մեզ վերաբերվում որպես հանցագործների։ Մենք այստեղ ոչ հարգանք ունենք, ոչ էլ արժեքներ այս մարդկանց համար»։

Հայտարարության հաջորդ օրը բազմաթիվ մարզերի տարբեր բուհերի մի քանի տղամարդ դասախոսներ հրաժարականի դիմում են ներկայացրել։

Քաբուլի համալսարանի դասախոս Օբայդուլլահ Վարդակը հայտարարել է՝ «Ես և իմ որոշ գործընկերներ հրաժարական տվեցինք՝ ի նշան բողոքի այս մութ օրվա դեմ: Մենք չենք վերադառնա համալսարան, քանի դեռ որոշումը չեղյալ չի հայտարարվել թալիբների կողմից»:

Աֆղան գրող և իրավապաշտպան Շաֆիկա Խփալվակը աղջիկների կրթության արգելքն անվանել է մարդկության դեմ ուղղված հանցագործություն. «Այս աղետը վերաբերում է ոչ միայն կանանց, այլ սպառնում է մեր երկրի գոյությանը։ Ճգնաժամի համար պատասխանատու է նաև այսպես կոչված «միջազգային հանրությունը»։ Մի քանի դատարկ հայտարարությունները չեն լուծի խնդիրը։ Մեզ պետք է, որ նրանք հանդես գան գործնական և պրագմատիկ լուծումներով, որոնք ի վերջո շոշափելի արդյունքներ կունենան աֆղանստանցիների համար»:

2021 թվականին իշխանությունը ստանձնելուց ի վեր թալիբները խստորեն սահմանափակել են կանանց իրավունքները։

Նրանք փակել են աղջիկների միջնակարգ դպրոցները և արգելել կանանց մուտքը հանրային զբոսայգիներ, մարզասրահներ և լոգարաններ:

Նրանք նաև սահմանել են խիստ հանրային պատիժներ, ինչպիսիք են նոր օրենքները խախտելու մեղադրանքով մտրակելը: