Ռուսաստանին չդատապարտելով հանդեձ`Հնդկաստանն ամրապնդում է կապերն ԱՄՆ-ի հետ

Չնայած արևմտյան երկրների ճնշմանը, Հնդկաստանը չի դատապարտել Ուկրաիանայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմը ու չի միացել Մոսկվայի դեմ պատժամիջոցներին: Սակայն դա չի վնասել ԱՄՆ-ի հետ նրա աճող կապերին:

Ուկրաինական հակամարտությունը սկսվելուց ի վեր, Հնդկաստանը հրաժարվել է ընդունել դիրքեր այս կամ այն կողմում: Անցյալ ամիս Մոսկվա կատարած այցի ժամանակ էլ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ Նյու Դելին կամրապնդի տնտեսական կապերը Մոսկվայի հետ:

‘’Տասնամյակների հասնող մեր համագործակցությունը կհաստատի, որ այն իրականում շատ լավ է ծառայել մեր երկու երկրներին’’, ասել է նա:

Նյու Դելին չի միացել Ռուսաստանի դեմ ուժի մեջ մտած արևմտյան պատժամիջոցներին և նույնիսկ ավելացրել է զեղչված գներով ռուսական անմշակ նավթի, ածխի և պարարտանյութերի գնումները: Այն նաեւ ձեռնպահ է մնացել Մոսկվայի ագրեսիսիայի դեմ ՄԱԿ-ի բանաձևերն ընդունելիս:

Վերլուծաբաններն ասում են, որ Հնդկաստանի բանակը մեծապես կախված է ռուսական ծագում ունեցող հրասայլերից, կործանիչներից և ռուսական ծագման այլ սարքավորումներից, եւ այն չի կարող իրեն մեկուսացնել Ռուսաստանից:

Ինչպես վերլուծաբան Հարշ Փենթն է ասում, ‘’Եթե ձեր զինվորների առջեւ կանգնած են չինացի զինվորականներ, իրականում չեք կարող երես թեքել ձեզ զենք մատակարարող երկրից’’:

Սակայն Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ Ռուսաստանի կողմից իրականացվող հարձակումներն անհանգստություն են պատճառում Նյու Դելիում: Հիշենք սեպտեմբեր ամիսը, երբ վարչապետ Նարենդրա Մոդին Պուտինի հետ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում վերջինիս ասաց, որ ‘’սա պատերազմի դարաշրջան չէ’’։ Մի կարեւոր փաստ էլ` երկու երկրների առաջնորդների միջեւ ամենամյա հանդիպում այս տարի նախատեսված չէ:

‘’Այսպիսով, որոշակի բացասական արձագանք եղել է Ռուսաստանի գործողությունների նկատմամբ’’, ասում է վերլուծաբանը, սակայն կարծիք հայտնում նաեւ, որ հրապարակային դատապարտում գուցե եւ տեղի չունենա:

Ռուսաստանի նկատմամբ Հնդկաստանի այս դիրքորոշումը, սակայն, չի լարել հարաբերությունները Վաշինգտոնի եւ Նյու Դելիի միջեւ, երբ, աչքի առջեւ ունենալով Չինաստանի գործոնը, Հնդկաստանն ու ԱՄՆ-ը զարկ են տվել իրենց ռազմավարական գործընկերությանը:

Ինչպես ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն է ասել. ‘’Հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանում այսօր մենք դիրքավորում ենք ԱՄՆ-ի և Հնդկաստանի զինված ուժերը` գործուն կերպով համագործակցելու համար’’:

Հիշեցնենք նաեւ, որ Հնդկաստանի և ԱՄՆ-ի բանակները անցած ամիս համատեղ զորավարժություններ անցկացրին Չինաստանի հետ Հնդկաստանի սահմանի մոտ:

‘’Չինաստանի վերելքի պայմաններում պետք է է՛լ ավելի սերտացանել համագործակցությունը Հնդկաստանի հետ’’, ասում է Հարշ Փենթը:

Լավ հարաբերություններ ունենալով ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի հետ՝ Հնդկաստանը հույս ունի առաջիկա ամիսներին կառուցողական դեր խաղալ Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու ջանքերում։

Արամ Վանեցյան

Անջանա Պասրիխա