Դեմոկրատ սենատոր Ռաֆայել Ուորնոքը Ջորջիա նահանգում ԱՄՆ-ի Սենատի ընտրությունների երկրորդ փուլում առաջ անցավ հայտնի ֆուտբոլիստ հանրապետական Հերշել Ուոքերից՝ ապահովելով դեմոկրատական մեծամասնություն երկրի Սենատում:
Գրեթե բոլոր քվեաթերթիկների հաշվարկից հետո պարզ դարձավ, որ հոգեւոր հովիվ Ուորնոքը ստացել է ձայների 50,6, Ուոքերը՝ 49,4 տոկոսը:
Ուորնոքի հաղթանակը երկու տարվա դադարից հետո դեմոկրատներին ապահովում է հստակ մեծամասնություն Սենատում: Հիշեցնենք, որ վերջին երկու տարիներին պալատում տեղերը բաշխված էին հավասարապես, եւ կարեւորագույն հարցերում վերջնական ձայնը պատկանում էր երկրի փոխնախագահ Քամալա Հարիսին:
Հանրապետականները հույս ունեին մինչեւ 2024 թվականի նախագահական ընտրություններն ապահովել մեծամասնություն այստեղ:
Ուորնոքը, որը 2021 թվականին դարձավ Հարավային այս նահանգից ընտրված առաջին սևամորթ սենատորը, իր հաղթանակի մասին տեղեկությունը հրապարակվելուց հետո հայտարարեց. ‘’Ժողովուրդն ասաց իր խոսքը’’:
53-ամյա բապտիստ հովվապետը, ում Ատլանտայում գտնվող եկեղեցին ժամանակին ղեկավարել է քաղաքացիական իրավունքների առաջնորդ Մարթին Լյութեր Քինգը, հատուկ շնորհակալություն է հայտնել իր մորը:
Նա ասաց, որ իր մայրը մեծացել է 1950-ականներին Ջորջիա նահանգում «ուրիշի բամբակը հավաքելով»: ‘’Այսօր նա օգնեց, որ իր կրտսեր որդին ընտրվի որպես Միացյալ Նահանգների սենատոր’’, ասաց Ուորնոքը:
Ջորջիայի համալսարանի և NFL-ի ամերիկյան ֆուտբոլի աստղ Ուոքերը վայելում էր նախկին նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը։ Սակայն Ուոքերի դերն ու հեղինակությունը թուլացան նրա անվան հետ կապված աճող սկանդալների և նախընտրական իր արշավի նկատմամբ հոռետեսության զգացումից:
Նյութը կազմված է ''Ասոշիեյթեդ փրես'' գործակալությունից ստացված տեղեկությունների հիման վրա: