Չինաստանի միջուկային արագ զարգացող տեմպերը Պեկինին կարող են տալ մինչև 2035 թվականը մոտ 1500 մարտագլխիկ կրելու հնարավորություն: Այս մասին է նշված «Չինաստանի ռազմական հզորություն» ամենամյա զեկույցում, որը ԱՄՆ-ի Կոնգրեսին է ներկայացրել պաշտպանության նախարարությունը:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության` Պենտագոնի զեկույցում ասվում է, որ Չինաստանն ունի միջուկային ավելի քան 400 մարտագլխիկ, որը կրկնապատկվել է անցած ընդամենը երկու տարվա ընթացքում:
Ամերիկացի ռազմագետների կողմից գրված զեկույցը նշում է նաեւ, որ Չինաստանն այստեղ ընդլայնում է ‘’վտանգավոր եւ ոչ արհեստավարժ’’ ռազմական գործունեությունն ընդդմ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների: Ինչպես Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամից Բրեդլի Բաումանն է ասում. ‘’Խոսքը նախ եւ առաջ վերաբերում է ժողովրդավարական կղզի համարվող Թայվանի դեմ իրագործվող գործողություններին: Նրա խոսքերով, Պեկինը չի հրաժարվել Թայվանի դեմ ռազմական ներխուժում իրականացնելու ծրագրերից: Պենտագոնի կարծիքով, սակայն, չնայած վերջին ագրեսիային, նոր հարձակում չի կանխատեսվում մոտ ապագայում:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի կողմից օգոստոսին Թայվան կատարած այցից անմիջապես հետո, Չինաստանը հետ կանգնեց ներխուժում իրականացնելու մտադրությունից, սակայն զարկ տվեց զորավարժություններին, ավելացրեց հրթիռների արձակումները և նեղուցներում իր ռազմանավերի ներկայությունը: Վերջին շաբաթներին դրանց թիվը նվազել է, սակայն չինական ներկայությունը շարունակվում է:
Չինաստանի պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեն անցյալ շաբաթ Կամբոջայում ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին ասել է, որ Պեկինը Թայվանը համարում է «կարմիր գիծ»։
Եվ այդ ագրեսիան տարածվում է դեպի Հարավչինական ծով, որտեղ ‘’Chancellorsville’’ ամերիկյան հածանավն ապահովում է նավերի անխափան անցումը:
Չինաստանն այս ծովի մեծ մասը համարում է որպես իր տարածք և անտեսում միջազգային դատարանի այն որոշումը, ըստ որի Պեկինը չունի պատմական սեփականության իրավունք Հարավչինական ծովի նկատմամբ:
Ըստ նույն զեկույցի, Պեկինն անցյալ տարի փորձարկման և ուսուցման համար արձակել է մոտավորապես 135 բալիստիկ հրթիռ, այսինքն` «ավելի շատ, քան աշխարհի խաղաղ գոտիներում արձակված բոլոր հրթիռները միասին վերցրած»։
Ըստ Բրեդլի Բաումանի. ‘’Չինաստանի հրթիռային զինանոցի կարողությունները եւ պաշարները պարզապես սահմռկեցուցիչ են’’:
ԱՄՆ-ի հրամանատարական անձնակազմի ղեկավար Մարք Միլիի խոսքերով, ‘’Չինաստանն այդ տարածաշրջանում միակ երկիրն է, որն աշխարհաքաղաքական առումով հզոր ներուժ ունի Միացյալ Նահանգների դեմ էական մարտահրավեր դառնալու համար’’:
Արամ Վանեցյան
Կառլա Բաբ