Բելառուսում բողոքի շարժման առաջնորդներից Մարիա Կոլեսնիկովան, որը գտնվում էր կալանքի տակ, տեղափոխվել է Գոմելի կլինիկայի վերակենդանացման բաժանմունք։ Կոլեսնիկովայի հոսպիտալացման պատճառներն անհայտ են։ Նրան հիվանդանոց տեղափոխելու մասին լուրը հայտնել է բելառուս քաղաքական գործիչ Վիկտոր Բաբարիկոյի տելեգրամյան ալիքը, որը նույնպես գտնվում անազատության մեջ:
‘’Reuters’’ լրատվական գործակալությանը դեռևս չի հաջողվել հաստատել Կոլեսնիկովայի գտնվելու վայրը։ Հաղորդագրության համաձայն՝ նա հիվանդանոց է տեղափոխվել երկուշաբթի օրը։
‘’Սարսափելի նորություն. Մեր սիրելի Մաշա, մենք բոլորս հույս ունենք, որ ձեզ հետ ամեն ինչ լավ կլինի’’, Telegram-ում գրել է բելառուսական ընդդիմության վտարանդի առաջնորդ Սվյատլանա Տիխանովսկայան։
Կոլեսնիկովան, որը Լուկաշենկոյի դեմ 2020 թվականին սկսված զանգվածային ցույցերի առաջնորդներից մեկն էր, 11 տարվա ազատազրկման պատիժ է կրում ‘’անկարգություններին’’ մասնակցելու մեղադրանքով: Նա պնդում է, որ իր դեմ հարուցված մեղադրանքները շինծու են եւ ոչ արդարամիտ:
Տեղեկություններ էին ստացվել, որ 40-ամյա Կոլեսնիկովային տեղափոխել էին բանտի պատժախուց: Սակայն պարզ չէ, թե երբ է դա տեղի ունեցել, եւ թե որքան ժամանակ են նրան այնտեղ պահել:
Կոլեսնիկովան ղեկավարում էր Բաբարիկոյի նախագահական ընտրարշավը, երբ վերջինս փորձում էր 2020 թվականի նախագահական ընտրություններում պայքարել ընդդեմ Լուկաշենկոյի։
Ընտրությունների նախօրեին Բաբարիկոյին ձերբակալելուց հետո, Կոլեսնիկովան հանդես է եկել ի պաշտպանություն Տիխանովսկայայի։
Սույն հաղորդագրությունը հենված է ''Ռոյթերս''-ից ստացված տեղեկությունների վրա: