«Օտարերկրյա գործակալների մասին» օրենք. Օրենք՞, թե՞ վախ սերմանելու գործիք

Ռուսաստանում «Օտարերկրյա գործակալների» մասին նոր, «բարելավված» օրենքը նպատակ ունի քանդել Ռուսաստանի քաղաքացիական հասարակության հիմքերը, ընդլայնել խախտումների շրջանակը, «Ամերիկայի Ձայն»-ի Ռուսական ծառայությանն են ասել իրավապաշտպանները:

Օրենքն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 1-ից։ Դրանում փոփոխություններ են մշակվել Ռուսաստանի ներքին գործերին օտարերկրյա պետությունների միջամտության փաստերն ուսումնասիրող հանձնաժողովի կողմից։

Փաստաթուղթը մի շարք նոր դրույթներ և արգելքներ է սահմանում, որոնք ձևակերպվել են ծայրահեղ անորոշ ձևով։ Օրինակ արտերկրից ֆինանսավորման բացակայությունը չի տալիս քաղաքացիներին և կազմակերպություններին «օտարերկրյա գործակալների» ցանկում չընդգրկելու երաշխիքներ։

Պետդեպարտամենտի հայտարարության համաձայն, «օտարերկրյա գործակալների» օրենքներն օգտագործվել են Մոսկվայի կողմից՝ դաժան պատիժներ և տուգանքներ կիրառելու համար այն անհատների և կազմակերպությունների նկատմամբ, որոնք գործում են ի շահ քաղաքացիական հասարակության:

«Օրենքը դարձել է նաև քաղաքական ռեպրեսիայի միջոց».

2012 թվականին օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման ժամանակ դեռ որոշակի հույս կար, որ իշխանություններին փաստաթուղթն անհրաժեշտ է երկրից դուրս կայուն կապեր ունեցող «անվստահելի» կազմակերպություններին վերահսկելու համար, նշել է Սախարովի կենտրոնի տնօրեն Սերգեյ Լուկաշևսկին։ Սակայն, ըստ նրա, պատրանքն արագ փարատվեց.

«Այդ ժամանակից ի վեր օրենքը վերափոխվել է բացառապես ռեակցիոն ուղղությամբ»,- ասում է նա: «Ռուսաստանի կառավարությունը չգնաց Լուկաշենկոյի ճանապարհով, որը պարզապես մի հարվածով ոչնչացրեց իրեն խանգարող բելառուսական քաղաքացիական հասարակության բոլոր կառույցները, այլ ընտրեց հասարակական կազմակերպությունների անկախ հատվածը անընդհատ խեղդելու ճանապարհը», ասում է նա։

Նոր սահմանափակումները մեկ միջոց են՝ խեղդելու անկախ հասարակական կարծիքը, քաղաքացիական ակտիվությունը և ընդհանրապես քաղաքացիական հասարակության մնացորդները»,- ընդգծում է Սախարովի կենտրոնի տնօրենը: Նրա խոսքերով, այս պատերազմի ընթացքում «օտարերկրյա գործակալներ» պիտակավորմանն արժանացած անձինք ու կազմակերպություններն այսօր համարվում են «հինգերորդ շարասյուն», որոնք գործում են Արևմուտքի շահերից ելնելով։ Օրենքը դարձել է քաղաքական ռեպրեսիայի միջոց, որը կարող է օգտագործվել ցանկացածի դեմ։

Փաստորեն, «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը հասարակության մեջ վախ սերմանելու միջոց է, իշխանությանը քննադատող հասարակական գործունեությունը ոչնչացնելու գործիք, ասում է Սերգեյ Լուկաշևսկին։

Մոսկվայի Հելսինկյան խմբի համանախագահ Վյաչեսլավ Բախմինը կարծում է, որ Ռուսաստանի քաղաքացիական հասարակությունը մեծապես հարմարվել է դրան՝ ռեակցիոն նորմատիվ ակտի գոյության տարիների ընթացքում։

«Եվ ընդհանրապես, օրենքը որոշ չափով դարձել է սովորական»,- ասում է նա «Ամերիկայի Ձայն»-ին:

Ըստ նորացված օրենքի, եթե օտար գործակալ համարվող միավորը նույնիսկ հրաժարվում է արտաքին ֆինանսավորումից, միեւնույն է, շարունակում է համարվել որպես օտարերկրյա կազմակերպության շահեր հետապնդող: Իսկ թե ինչպես է հնարավոր ապացուցել դրա հակառակը, օրենքում ոչինչ չի ասված:

‘’Ընդհանուր առմամբ, մի քանի հարյուր մարդ է ընդգրկված է արդարադատության նախարարության ցուցակում որպես օտարերկրյա գործակալ: 140 միլիոնից ավելի բնակչություն ունեցող երկրի համար այս թիվը մեծ չէ: Սակայն մեծ է վախը, որը տարածվում է այդ ‘’փոքր’’ համարվող թվի ու դրա խորքում առկա հետեւանքների հանդեպ:

Արամ Վանեցյան

Վիկտոր Վլադիմիրով