Եկող տարի Ուկրաինայի պատերազմից տուժածների թվում կլինեն Ռուսաստանի բժշկությունը, կրթությունը և բնապահպանությունը: Բայց քարոզչությունը կշարունակի Պուտինին անվերապահ պաշտպանելու քաղաքականությունը:
Մոսկվան հաջորդ տարի պատրաստվում է բյուջեի մոտ մեկ երրորդը ծախսել պաշտպանության և ներքին անվտանգության վրա, մինչդեռ սոցիալական մի շարք ոլորտների, այդ թվում՝ կրթության և բժշկության ֆինանսավորումը ենթակա է կրճատման, հայտնում է Reuters-ը։
Գործակալության վերլուծաբանների կարծիքով՝ խնայված միջոցները կծախսվեն Ուկրաինայում պատերազմը շարունակելու համար։
Կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի փորձագետների զեկույցի համաձայն, միտում կա կրճատելու «Առողջապահություն», «Բնակարան և քաղաքային միջավայր», «Էկոլոգիա» ազգային նախագծերի հետ կապված բյուջետային հատկացումները:
Ընդհանուր առմամբ, 2023 թվականին պաշտպանության և անվտանգության համար հատկացվել է 9 տրիլիոն 400 միլիարդ ռուբլի։ Միաժամանակ անվտանգության ապահովման ծախսերը, այդ թվում՝ պետական քննչական կոմիտեի, դատախազության, Դաշնային քրեակատարողական ծառայության և Ազգային գվարդիայի աշխատանքը, այս տարվա համեմատ կկրկնապատկվեն։
Ինչպես գրել է ՏԱՍՍ-ը, 2023 թվականի դաշնային բյուջեն նախատեսում է պաշտպանության համար ծախսել 4 տրիլիոն 900 միլիարդ ռուբլի։ Սա մոտ 303 միլիարդ ռուբլով ավելի է այս տարվա համեմատ, և 1 տրիլիոն 400 միլիարդ ռուբլով ավելի, քան նախորդ տարի։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի կառավարությունը հրաժարվել է ընդունել 2023 թվականին աշխատող կենսաթոշակների վերահաշվարկի և ինդեքսավորման մասին օրինագիծքը, քանի որ դա կպահանջի լրացուցիչ միջոցներ հատկացնել 538 միլիարդ ռուբլու չափով: Այս տարվա հունվարի դրությամբ Ռուսաստանում աշխատում էր ավելի քան 8,5 մլն թոշակառու։
Ռուսաստանի Դաշնային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2022 թվականի առաջին եռամսյակում աղքատության գծից ցածր է եղել քաղաքացիների 14,3 տոկոսը (ավելի քան 20 միլիոն մարդ): Այսպիսով, աղքատների թիվն ավելացել է 8,5 միլիոնով։
«Ավտանգության ուժերը միշտ եղել են բյուջեի ծախսերի առաջնահերթությունը», ասում է Ռուսաստանի էկոնոմիկայի նախկին նախարար, քաղաքական գործիչ Անդրեյ Նեչաևը։
‘’Քանի դեռ պատերազմը շարունակվում է, ռազմական ծախսերն անխուսափելիորեն կաճեն: Հետևաբար, կտուժի այլ ոլորտների ֆինանսավորումը’’, ասում է նա ու ավելացնում, որ այստեղ ոչ մի լավ բան սպասել չի կարելի։
Նախկին նախարարը կարծում է սակայն, որ սոցիալական ոլորտների ֆինանսավորման կրճատումը հատուկ խնդիրներ չի ստեղծի Վլադիմիր Պուտինի համար 2024 թվականի ընտրություններում։ Տնտեսագետի կարծիքով՝ չպետք է մոռանալ ռուսական քարոզչության մասին։ ‘’Նրանք աշխատում են ցինիկ ու պրագմատիկ, բայց արդյունավետ, եւ թվում է, թե դրա դեմ ոչինչ անել հնարավոր չէ’’, ասում է Նեչաեւը։
Գայդարի ինստիտուտի ավագ գիտաշխատող Սերգեյ Ժավորոնկովի խոսքերով, «Պատերազմը միշտ էլ թանկ է նստում, անկախ նրանից՝ հաղթում ես, թե պարտվում»,- ասում է նա։ ‘’Շատ հեշտ կարելի է հասկանալ, թե ով է լինելու հիմնական տուժողը բյուջեի նման փոփոխության դեպքում’’, ասում է նա ու ակնարկում կենսաթոշակառուներին, դպրոցներն ու առողջապահական համակարգը: ‘’Կարելի է ակնկալել նաեւ շատ հավակնոտ և անհրաժեշտ նախագծերի սառեցում, մասնավորապես, Սիբիրում Լենա գետի վրայով կամրջի կառուցումը։ Պետք է խոսել նաեւ քաղաքացիների իրական եկամուտների 10%-ով անկման փաստի մասին’’, ասում է նա:
Նախագահի վարչակարգը նախագահական ընտրությունների հետ կապված խնդիրներ չի ունենա, ինչպիսին էլ որ լինի Պուտինի վարկանիշը, ասում է տնտեսագետը։
«Մոսկվայի քաղաքային ընտրությունների ժամանակ մենք արդեն տեսել ենք, թե ինտերնետային քվեարկության ժամանակ ընտրությունների արդյունքները ինչ հեշտությամբ են շրջվում դեպի հակառակ կողմը’’, ասում է Ժավորոնկովը եւ միանում մյուս վերլուծաբաններին, կրկնելու համար, որ Պուտինը կշարունակի նախագահի պաշտոնում մնալ նաեւ 2024 թվականի ընտրություններից հետո: Իսկ թե ինչ վիճակում կլինի ժողովորդը եւ ինչ պատկեր կլինի Ռուսաստանում առհասարակ, կարելի է պատկերացնել նույնիսկ այսօր:
Արամ Վանեցյան
Վիկտոր Վլադիմիրով