Կոնգրեսին սպասվում է լուրջ պայքար, երկրի նախագահին` դժվար ժամանակաշրջան

Դեմոկրատներն այլեւս մեծասնություն չեն կազմում Կոնգրեի Ներկայացուցիչների պալատում: Պալատի նախագահ Նենսի Փելոսին էլ հայտարարում է, որ չի ձգտելու լինել այստեղ դեմոկրատական փոքրամասնության ղեկավար:

Վերջինս ուզում է, որ ավելի երիտասարդ դեմոկրատները ստանձնեն նման պաշտոններ:

Այսպիսով, Ներկայացուցիչների պալատի նախագահի պարտականությունները կստանձնի հանրապետական կոնգրեսական Քևին Մաքքարթին:

‘’Ես հպարտ եմ հայտարարելու, որ Վաշինգտոնում դեմոկրատական միակուսակցական կառավարման դարաշրջանն ավարտվել է: Վաշինգտոնն այժմ ունի վերահսկողություն և հավասարակշռություն’’, ասել է նա: Սակայն Մաքքարթիին հեշտ չի լինելու իր կուսակիցներին այստեղ միավորելը, քանի որ հակասություններ ունի կուսակցության այն թեւի հետ, որը դեռեւս հավատարիմ է նախկին նախագահ Դոնալդ Թրամփին:

‘’Ես կարծում եմ, որ նրանց համար շատ դժվար ժամանակներ են մոտենում: Թե ինչպես են փոխզիջման գալու, դժվար է ասել’’, ‘’Զում’’-ի միջոցով տված հարցազրույցում նշում է վերլուծաբաններից Էմի Դեյսին:

Կոնգրեսի նոր անդամներն ասում են, որ երկու կուսակցությունների միջեւ ձայների միայն չնչին տարբերությունը պիտի ստիպի նրանց աշխատել միասին` երկկուսակցական սկզբունքով:

Ինչպես դեմոկրատ կոնգրեսական Ուայլի Նիքելն է ասում, ‘’Ժողովուրդը հոգնել է լիակատար ձախ և լիակատար աջ ծայրահեղականներից, և ուզում է, որ իր ընտրյալներն աշխատեն ու կատարեն տրված խոստումները’’:

Ասենք, որ չնայած Ներկայացուցիչների պալատում հանրապետականների մեծամասնությանը, որեւէ օրինագիծ օրենք դառնալու համար պետք է անցնի նաեւ Սենատով, որտեղ մեծամասնություն են կազմում դեմոկրատները:

Սակայն առաջիկա երկու տարիների ընթացքում պառակտված կառավարության պայմաններում նախագահ Ջո Բայդենի համար հեշտ չի լինելու անցկացնել կարեւոր նշանակություն ունեցող օրենքներ եւ ընդունել որոշումներ:

Արամ Վանեցյան

Քեթրին Գիփսոն