Դոնալդ Թրամփը նորից նախագահի թեկնածո՞ւ

Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հայտարարեց 2024 թվականին նախագահական ընտրություններում առաջադրվելու իր որոշման մասին: Շատերն են ասում, որ այս անգամ Թրամփի ճամփան ավելի ‘’քարքարոտ’’ է լինելու:

‘’Ամերիկան կրկին հզոր և փառավոր դարձնելու համար ես այսօր երեկոյան հայտարարում եմ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի համար իմ թեկնածությունը’’: Այս խոսքերով հանդես եկավ ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում իր հանրապետական կուսակցության կողմից գրանցված ոչ տպավորիչ արդյունքից հետո:

Նա նորից իր խոսքը կենտրոնացրեց դաշնային, նահանգային, մարզային ու տեղական իշխանություններին մեղադրելու ու դատապարտելու վրա: Կրկնեց ընտրությունների անցկացման գործընթացն ամբողջությամբ փոխելու իր նախկին հայտարարությունները: Հայտարարեց, որ պետք է ուժի մեջ դնել ներգաղթի հարցում ավելի խիստ քաղաքականություն: Թրամփը խոսք է տալիս, որ ընտրվելու դեպքում ‘’շատ շուտով’’ ամերիկյան դրոշ կտեղադրի Մարս մոլորակի վրա։

Վերլուծաբանների խոսքերով, Թրամփի համար այս անգամ այնքան էլ հեշտ չի լինելու իր իսկ կուսակցության մեջ առաջ գնալը: Նրա առջեւ այսօր կա երկու խնդիր: Այսօր նրա առջեւ է որպես մրցակից կանգնում Հանրապետական կուսակցության, այսպես ասած, ծագող աստղ, Ֆլորիդայի նորընտիր նահանգապետ Ռոն ԴեՍանթիսը:

Ինչպես Բրուքինգզի հաստատությունից Մայքըլ Օ’Հենլոնն է ասում, «ԴեՍանթիսն ունի նույն ուղղվածությունը Թրամփի նշած բոլոր հարցերում: Տարբերությունն այն է, որ նա մի քիչ ավելի շատ մարդկային հպում ունի, ավելի մեղմ է ու չափված, ինչպես նաեւ ավելի մեծ տեղ է տալիս բարեգործությանը:

Թրամփի առջեւ առկա մյուս խոչընդոտը հենց ինքը` Թրամփն է։ Նրա նկատմամբ ներկա պահին շարունակվում են ֆինանսական եւ այլ հարցերի պատճառով սկսված մի շարք հետաքննություններ:

‘’Մենք բոլորս տեսանք Սպիտակ տանը նրա աշխատանքի չորս տարիները, այնուհետև երկու տարիները պաշտոնանկությունից հետո’’, ասում է վերլուծաբանը ու ավելացնում, թե չի կարծում, որ մարդիկ հեշտությամբ կփոխեն իրենց կարծիքը:

Ժողովրդի մի հոծ զանգվածի, որը նախկինում պաշտպանում էր Թրամփին, դուր չեն գալիս ընտրությունները կեղծված լինելու մասին Թրամփի հայտարարությունները:

Նույնիսկ Թրամփի նախկին փոխնախագահ Մայք Փենսն է Թրամփին վերջերս անվանել ‘’անխոհեմ’’: Նա նկատի ունի 2021 թվականի հունվարի 6-ին Կոնգրեսի շենքի դեմ հարձակում իրականացնելու հարցում իր կողմնակիցներին դրդելու հանգամանքը:

Հարցին, թե ինքը կաջակցի այս անգամ Թրամփին, Փենսը պատասխանել է. ‘’Դա կախված է ամերիկացի ժողովրդից: Բայց ես կարծում եմ, որ մենք ապագայում ավելի լավ ընտրություններ կունենանք’’:

Նախագահ Բայդենը շատ չի խոսում Թրամփի մասին: Միայն ասել է, թե շատ զվարճալի կլինի դիտել Թրամփ-Դե Սանթիս բանավեճն ու միմյանց դեմ պայքարը: