Ռուս խոշոր ձեռնարկատեր Եվգենի Պրիգոժինը, որը հայտնի է որպես «Պուտինի խոհարար», դիմել է Գլխավոր դատախազություն՝ ‘’Վագներ’’ ռազմական խմբավորման վարձկան Եվգենի Նուժինի սպանության փաստն ու հանգամանքները պարզելու խնդրանքով: Եվգենի Նուժինին ուղարկել էին Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու համար, որտեղ նա անցել էր ուկրաինացիների կողմը, ապա` գերի ընկել ռուսների կողմից:
Նախօրեին սոցցանցում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ Նուժինին մեծ մուրճի հարվածով ենթարկում են մահապատժի «դավաճանության» համար։ Գործարար Պրիգոժինը դրական է արձագանքել տեսանյութին՝ մարդասպաններին անվանելով «ոչ բարի, սակայն արդար» մարդիկ։
Ո՛չ ՌԴ Քննչական կոմիտեն, ո՛չ էլ Գլխավոր դատախազությունը քրեական բովանդակությամբ տեսանյութի առնչությամբ հայտարարությամբ հանդես չեն եկել։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նույնպես հրաժարվել է մեկնաբանել Նուժինի սպանությունը՝ ասելով.«Դա մեր գործը չէ»:
Պրիգոժինը, որ գտնվում է ԱՄՆ-ի պատժամիջոցների ներքո, վերջերս խոստովանեց, որ հովանավորում է ռազմական ‘’Վագներ’’ կազմավորմանը: Այս կառույցը, որը նույնիսկ ռուսական չափանիշներով է անօրինական համարվում, մեղադրվում է Ուկրաինայում և այլ երկրներում իրագործած բազմաթիվ ռազմական հանցագործությունների մեջ։
Պուտինի խոսնակի մեկնաբանությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանում օրենքն այլևս չի գործում այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ չէ կամ ձեռնտու չէ իշխող խմբին։ Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է Մոսկվայի Հելսինկյան խմբի անդամ, փաստաբան Իլյա Շաբլինսկին: Նրա կարծիքով, դրա մասին է վկայում նաեւ ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի թունավորումը, որը տեղի ունեցավ «գրեթե բոլորի աչքի առաջ, եւ այդպես էլ գործ չհարուցվեց»։
Հասկանալի է, որ այս դեպքում այս հաշվեհարդարը Ուկրաինայի կողմից կռվելու մեկնած անձանց վախեցնելու միջոց է, որպեսզի նրանք նույնիսկ չմտածեն հանձնվելու մասին, հայտարարել է Իլյա Շաբլինսկին։ Միաժամանակ, պատերազմը, ըստ նրա, վերջնականապես ոչնչացրել է երկրում բարոյական չափանիշների ողջ համակարգը։
‘’Որքան վատ է իրավիճակը ճակատում, այնքան մեծ է Ռուսաստանի ներսում նման սցենարի հավանականությունը: Եվ այդ ժամանակ երկիրը կապրի մի սկզբունքով, որի համաձայն, ով մուրճ ունի, նա է ճիշտը»,- ամփոփում է Իլյա Շաբլինսկին։
«Անհասկանալի է, թե ինչ իրավական հիմքերով է Պրիգոժինը հավաքագրում բանտարկյալներին գաղութներից», - ասում է Սախարովի կենտրոնի տնօրեն Սերգեյ Լուկաշևսկին: Զարմանալի չէ, որ նման իրավիճակն անխուսափելիորեն հանգեցնում է հանցագործությունների թվի աճի։ Իհարկե, բոլոր վարձկան կառույցները պետք է լուծարվեն, իսկ դրանց կազմակերպիչները, առաջին հերթին հենց ինքը՝ Պրիգոժինը, պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Բայց պարզ է, որ Պուտինն օգտագործում է այդ կառույցները որպես իր շատ կարևոր և անհրաժեշտ գործիք», ասում է նա։
Իր անհասկանալի մեկնաբանություններով կամ դրանց բացակայությամբ Կրեմլը «մահապատժի» մասին տեսանյութում կամա թե ակամա հաստատում է հանցավոր կառույցների նկատմամբ հովանավորչությունը , նշում է իրավապաշտպանը։ Նրա կարծիքով, նման դիրքորոշումը Պրիգոժինի և նրա կամակատարների կողմից ընկալվում է որպես իրենց գործն այդ կերպ շարունակելու նկատմամբ օրհնություն: