Գործարար Եվգենի Պրիգոժինը, որն ավելի հայտնի է որպես «Պուտինի խոհարար», գտնվում է ԱՄՆ-ի պատժամիջոցների ներքո: Նա, իր ‘’Ինտերնետային հետազոտությունների գործակալության’’ աշխատակիցների հետ միասին ԱՄՆ-ի արդարադատության նախարարության կողմից մեղադրվում են 2016 թվականի Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին չարամտորեն միջամտելու մեջ:
Վերջերս էլ Եվգենի Պրիգոժինը խոստովանեց, որ հովանավորում է ‘’Վագներ’’ անվանումը կրող ռազմական կազմավորմանը, ինչը նախկինում կտրականապես էր հերքում։ Հիշեցնենք, որ «վագներականները» մեղադրվում են Ուկրաինայում և այլ երկրներում կատարված բազմաթիվ ռազմական հանցագործությունների մեջ։
Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ ռուս գործարարներին ու բարձրաստիճան պաշտոնյաներին անհանգստացնում է ինչպես Պրիգոժինի, այնպես էլ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի ազդեցության աճը։
Հրատարակության համաձայն, պատերազմի նկատմամբ մեծ ոգեւորություն չցուցաբերող խոշոր գործարարների դեմ «շտապ ստալինյան ռեպրեսիաներ» սկսելու Պրիգոժինի հանրային կոչերն այս գործարարներից շատերի մոտ առաջ է բերել վախ, ոչ միայն իրենց, այլ նաեւ իրենց ընտանիքների անվտանգության համար:
Այս ամենն ընթանում է վաղուց կանխատեսելի օրինաչափությամբ, կարծում է ընդդիմադիր քաղաքական գործիչ Գենադի Գուդկովը։ Նա կարծում է, որ Ռուսաստանը կրկին կարող է գնալ ստալինյան ճանապարհով՝ անցնել «գուլագներով, անցանկալի մարդկանց դեմ ջարդերով»։
«Այն, ինչ այսօր ասում է Պրիգոժինը, պարզապես Պուտինի մտքի շարունակությունն է»,- ասում է նա «Ամերիկայի Ձայն»-ի Ռուսական ծառայությանը տված հարցազրույցում։ «Մենք զանգվածային ռեպրեսիաների շեմին ենք: Վարչակարգն արդեն արյունով է շաղախված, նահանջելու տեղ չունի, և պատրաստ է բոլորին նետել պատերազմի ու ռեպրեսիաների հնոցը։ Իսկ գործարարները դրա համար կարող են լավ ‘’հումք’’ հանդիսանալ, քանի որ այդ դեպքում նրանց ունեցվածքը կարելի է պարզապես թալանել’’, ասում է նա:
Գենադի Գուդկովի կարծիքով՝ գործարարներն են մեծապես մեղավոր այս ամենի համար: ‘’Նրանց լուռ համաձայնությամբ էր, որ վարչակարգը շեղվեց դեպի ֆաշիստական ուղի։ Հիմա ժամանակն է հավաքելու բերքը’’, ասում է նա:
Կադիրովն ու Պրիգոժինը «Պուտինի հայելին» են,- շարունակում է քաղաքական գործիչը: ‘’Սակայն կարող է գալ ժամանակ, որ երկու այս կերպարներն էլ անհրաժեշտության դեպքում վերացվեն’’:
‘’Կարելի է միայն ապշել Պրիգոժինի եւ Կադիրովի կողմից երբեմն հնչող մտքերի համար’’, ասում է Մոսկվայի Հելսինկյան խմբի համանախագահ, Սախարովի կենտրոնի հիմնադիր Վյաչեսլավ Բախմինը։ ‘’Այդ կերպարների, ինչպես և Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունները, արդեն անցել են չարի սահմանները, ուստի ժողովուրդը կարծես դադարել է դրանց մեծ ուշադրություն դարձնել’’,- ասում է նա «Ամերիկայի Ձայն»-ին: Իսկ այս կարգի հայտարարությունները խոսում են այն մասին, որ ռեպրեսիաների ժամանակաշրջանը հեռու չէ: Ռեպրեսիաները դեռ ստալինյան բնույթ չեն կրում, քանի որ դեռեւս համատարած չեն, բայց, այնուամենայնիվ, ավելի ու ավելի են ուժեղանում’’, ասում է նա։
Ստալինն, իհարկե, առկա է բնակչության որոշակի հատվածի մտքում, ընդգծում է Վյաչեսլավ Բախմինը, որը դրա վերադարձն անհնար չի համարում:
‘’Միանգամայն հավանական է, որ գործարարները սկսեն զանգվածաբար հեռանալ երկրից, ինչպես հեռացան ՏՏ ոլորտի մասնագետները’’, ասում է նա ու շեշտում, որ Ռուսաստանը դարձել է անկանխատեսելի ապագա ունեցող երկիր։
Ստալինի ուրվականը շրջում է Ռուսաստանում, եզրակացնում են վերլուծաբանները։
Արամ Վանեցյան
Վիկտոր Վլադիմիրով