«Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի բարեկամն է». Պետքարտուղար Բլինքենի և ՀՀ-ի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն ավարտվել է

Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների գործընթացին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ԱՄՆ-ի, Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գերատեսչութունների ղեկավարների հանդիպման բացման խոսքում: Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Վաշինգտոնում նոյեմբերի 7֊ի եռակողմ հանդիպումը կայացավ Սպիտակ տան անմիջական հարևանությամբ գտնվող Բլեյր Հաուս նախագահական հյուրատանը:

Պետքարտուղարը կարևորել է կողմերի միջև ուղիղ երկխոսությունը և ողջունել Հայաստանի և Ադրբեջանի՝ կայուն խաղաղությանն ուղղված «խիզախ քայլերը»՝ շեշտելով՝ Լեռնային Ղարաբաղի ավելի քան 30 տարվա հակամարտությունը հանգեցրել է հսկայական մարդկային և նյութական կորուստների։ Պետքարտուղարը, սակայն, լավատես է:

«Սպիերը դեռևս բավականին խորն են, բայց այն, ինչին մենք այժմ ականատես ենք՝ իրական և խիզախ քայլեր են երկու երկրների կողմից՝ անցյալը հետևում թողնելու և կայուն խաղաղության ուղղությամբ աշխատելու համար»,- հայտարարել է պետքարտուղարը:

Նրա խոսքով այսօրվա քննարկումների հենքում են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում կողմերի միջև անցկացրած քննարկումներն են ու Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի պաշտոնյաների բանակցությունները:

«Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի բարեկամն է ու հանձնառու է անել ամենը մեր ուժերում՝ Ձեր այս ջանքերին աջակցելու, ձեզ հետ միասնաբար դեպի կայուն խաղաղություն ճանապարհ հարթելու, հնարավոր ամեն ինչով Ձեզ օգնելու համար»,- նշել է նա։

Your browser doesn’t support HTML5

«Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային անկախությանը». Պետքարտուղար Բլինքեն

Պետքարտուղար Բլինքնենը շեշտում է՝ Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային անկախությանը՝ կարևորելով երկու երկրների՝ 1991 թվականի անկախության վերականգնումը:

Հանդիպումն այնուհետև անցավ դռնփակ, որի ավարտին որևէ ընդհանուր հայտարարություն չհնչեց: Փոխարենը կողմերը տարածեցին նույնաբովանդակ հաղորդագրություն հանդիպման մասին, ուր մասնավորապես նշված է. «Արտգործնախարարները մտքեր են փոխանակել հավանական խաղաղության պայմանագրի տարրերի վերաբերյալ և արձանագրել, որ առկա են մի շարք խնդիրներ, որոնք դեռևս հասցեագրման կարիք ունեն»։ Կողմերը վերահաստատել են հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպումներում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի ստանձնած հանձնառությունները, ինչպես նաև պայմանավորվել բանակցային գործընթացն արագացնելու ու առաջիկա շաբաթներին կրկին հանդիպելու մասին:

Եռակողմ բանակցություններից բացի, Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակություններն ունեցել են երկկողմանի հանդիպում, որի վերաբերյալ այլ տեղեկություն հայտնի չէ: Վաշինգտոնում արտգործնախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել նաև ԱՄՆ պետաքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիքերի հետ։