Ուկրաինացի Իրինան վեց ամիս սպասել է որդուն։
«Նա դիմացել է այդքան, որպեսզի գրկի մեզ»,-կիսվել է գերու մայրը։ Որդու՝ Յուրիի 24-ամյակը լրացավ գերության մեջ: Նա Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի պաշտպաններից էր: Մայիսին ռուսների կողմից գերի ընկնելուց հետո նիհարել է 30 կիլոգրամով։ Հարազատները նրան հանդիպել են Կիևում՝ ազատ արձակվելուց մեկ շաբաթ անց։
«Նա առաջինը զանգեց ու ասաց, որ Ուկրաինայում է: Դա ամենաերջանիկ պահն էր։ Մի քանի օր չէի հավատում դրան»,-պատմում է մայրը։
Իրինա Նովոսյադլոյի որդին ապահով է, բայց նա կշարունակի հանրահավաքներ կազմակերպել Լվովում՝ ի պաշտպանություն այժմ գերության մեջ գտնվողների։
Մարիուպոլի պաշտպաններից Անաստասիան էլ դեռևս սպասումների մեջ է։ «Ամուսինս զանգահարեց և ասաց, որ ողջ է և շուտով կհանդիպենք, քանի որ կարծում էր, որ տարհանում են: Նրանք հավատացին և հեռացան գործարանից՝ ենթարկվելով հրամանին»,-պատմում է նա։
Անաստասիայի ամուսինը դեռ անհետ կորած է համարվում։
«Ազովստալում» գերեվարված 108 կին ազատ է արձակվել ռուսական գերությունից փոխանակման արդյունքում
«Մենք սպասում էինք, որ «Ազովստալի» պաշտպանները դուրս գան, կարծում էինք, որ մեր որդին այնտեղ է: Հետո պարզեցինք, որ նա այնտեղ մնացացծների ցուցակներում չկար, և սկսվեց որոնումների սարսափը: Երբեմն նրա անունը հայտնվում էր մահացածների, հետո անհետ կորածների ցուցակում։ Ի վերջո, նա հաստատվեց որպես ռազմագերի եւ, փառք Աստծո, պարզվեց ողջ է»,- պատմում է Մարիուպոլի պաշտպաններից մեկի մայրը՝ Տատյանան։
Ուկրաինայի զինված ուժերի անդամ, «Ազովստալում» պատսպարված Վալերիայի որդին՝ Վլադիսլավը, հիշում է. «Հուլիսի 7-ին, կեսօրից հետո անհայտ համարից զանգ ստացա։ Երկրի կոդը ուկրաինական չէր։ Ես լսեցի մի կնոջ ձայն. Նա ասաց. «Վլադ, բարև: Ես եմ՝ քո մայրիկը։ Ես սկզբում չճանաչեցի նրան։ Այս խոսակցությունը տեւեց երկու րոպե»։
Օգոստոսի կեսերին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և Թուրքիայի նախագահի Լվով կատարած այցի ժամանակ Վլադն ու իր ընկերը պաստառ էին պատրաստել, որը գրավել է միջազգային պատվիրակությունների ուշադրությունը։
«Երբ պատվիրակությունները եկան, մենք ցուցադրեցինք մեր պաստառները։ Իմն ասում էր՝ «Փրկեք մորս, եթե նա դեռ ողջ է»:
Հոկտեմբերի 17-ին ազովստալցի հարյուր ութ կին ազատ է արձակվել ռուսական գերությունից՝ ռազմագերիների փոխանակման արդյունքում։ Այս խմբում էր նաև Վլադիսլավի մայրը։