Մեծ Բրիտանիայի 44 օր պաշտոնավարած վարչապետի հրաժարականը՝  ըստ համաշխարհային առաջնորդների

Համաշխարհային առաջնորդները և բրիտանացիները արձագանքեցին Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասի անսպասելի հրաժարականին պաշտոնավարությունից ընդամենը վեց շաբաթ հետո: Նրա քաղաքականությունը ֆինանսական շուկաներում խառնաշփոթ առաջացրեց, կուսակցությունում խիստ առարկություններ եղան, որոնք ազդեցին նրա հեղինակության վար:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրաժարվեց անդրադառնալ Մեծ Բրիտանիայի վարչապետի հրաժարականի վերաբերյալ լրագրողների հարցերին՝ նշելով միան, որ նա լավ գործընկեր էր Ռուսաստանի և Ուկրաինայի հարցում, և բրիտանացիները կլուծեն իրենց խնդիրները։

Բայդենը չի կարծում, որ Միացյալ Նահանգների ամենահին դաշնակցի քաղաքական ցնցումները լուրջ հետևանքներ կունենան:

Բրյուսելում Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հույս է հայտնել, որ Բրիտանիայի ներքին խնդիրները շուտով կլուծվեն Թրասի հրաժարականից հետո. «Մեծ Բրիտանիա-ԵՄ հարաբերությունները մնում են մեր առաջնահերթությունների շարքում՝ համոզվելու, թե ինչ ազդեցություն է թողել Brexit-ը ԵՄ-ում ապրող Միացյալ Թագավորության քաղաքացիների, Մեծ Բրիտանիայում ապրող ԵՄ քաղաքացիների և շարունակական տնտեսական և առևտրային կապերի վրա: Հուսով եմ, որ այս ներքաղաքական անկայունությանը հնարավորինս արագ լուծում կտրվի»։

Այդուհանդերձ, Մեցոլան նախազգուշացրել է «շուկայի անկայունության» մասին՝ շեշտելով, որ կան «շատ դասեր, որոնք կարելի է սովորել ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Եվրամիությունում»:

Լոնդոնում Թրասի հրաժարականի շուրջ տարբեր արձագանքներ եղան:

67-ամյա թոշակառու Դեյվիդ Բարթոնի կարծիքով՝ դա ամենևին էլ լավ չէ երկրի համար. «Եվ կարծում եմ, որ շատ դժվար է տեսնել, թե ով է լինելու հաջորդ առաջնորդը: Ընտրություն չկա: Այսպիսով, Պահպանողական կուսակցությունը մեծ խնդիր ունի, հուսով եմ՝ կլուծի»:

Թրասը երրորդ պահպանողական վարչապետն է, ով հրաժարական է տվել երեք տարվա ընթացքում:

«Գիտե՞ք, ամեն ինչ պարզապես հոդս ցնդեց: Ես պարզապես զգում եմ երկրի կորուստը: Եվ դա սարսափելի զգացողություն է», «Այո: Եվ մենք չգիտենք, թե ուր ենք հիմա գնում, ինչ է լինելու: Եվ, գիտեք, այս երկրում կան մարդիկ, ովքեր անհանգստանում են, թե ինչպես վճարեն իրենց վառելիքի հաշիվները և գնեն սնունդ»,-ասում են բրիտանացիները:

Թրասն իրենից հետո թողնում է պառակտված կուսակցություն, որը պետք է գտնի առաջնորդ, ով կարող է միավորել իրար հետ պատերազմող խմբակցություններին:

Վարչապետի պաշտոնի պոտենցիալ հավակնորդների թվում է ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը, ով այդ պաշտոնի համար պայքարում պարտվել է Թրասին: Շրջանառվում են նաև նախկին պաշտպանության նախարարներ Բեն Ուոլասի, Պենի Մորդաունտի արտաքին գործերի նախկին նախարար Հանթի անունները:

Չնայած համապետական ընտրությունները պարտադիր չէ, որ անցկացվեն մինչև 2024 թվականը, ընդդիմադիր կուսակցությունները պահանջում են վաղաժամ քվեարկություն՝ պնդելով, որ կառավարությունը չունի ժողովրդավարական լեգիտիմություն:

Բրիտանական թերթերն էլ ակտիվորեն գրում են, թե արդյոք նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը կարող է վերադառնալ իր նախկին պաշտոնին, որը նա մի շարք անձնական սկանդալներից հետո թողել է ընդամենը երկու ամիս առաջ: Հիմնականում աջակողմյան մամուլն է շրջանառում Ջոնսոնի հնարավոր վերադարձի հարցը:

Թրասը հրաժարական տվեց ընդամենը 44 օր պաշտոնավարելուց հետո՝ դառնալով Բրիտանիայի ամենակարճ պաշտոնավարած վարչապետը: