Որոշ հանրապետական օրենսդիրներ կասկածի տակ են դնում Ուկրաինային ԱՄՆ-ի օգնության չափը՝ վկայակոչելով մոտալուտ տնտեսական անկումը, ավելի մեծ վերահսկողության անհրաժեշտությունը և Չինաստանի հետ անվտանգության մտահոգությունները։
Ուկրաինացիները դեռևս տարակուսանքի մեջ են անօդաչու թռչող սարքերից և հրթիռային հարձակումներից մայրաքաղաք Կիևի և այլ քաղաքների վրա, որոնք հարվածել են քաղաքացիական շենքերին և ենթակառուցվածքներին:
Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության նախագահ Օլենա Շուլյակի խոսքով՝ «Մեր ժողովուրդն ամեն օր մահանում է։ Մենք ամեն օր կանգնած ենք՝ ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում պաշտպանելու համար: Դուք կարող եք տեսնել, թե ինչպես են ամեն օր մեր տները գնդակոծվում ու ավերվում, մեր ժողովրդը՝ սպանվում: Աջակցությունը չպետք է նվազի, այն պետք է միայն ավելանա»։
Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության նախագահի փոխանցմամբ՝ ուկրաինացիները ուշադիր հետևում են ԱՄՆ քաղաքականությանը նոյեմբերի միջանկյալ ընտրություններից առաջ, երբ դեմոկրատները կարող են կորցնել իրենց մեծամասնությունը Կոնգրեսում: Եթե հանրապետականները հաղթեն, Ներկայացուցիչների պալատը կարող է դեմ լինել Կիևին ավելի շատ օգնության տրամադրմանը:
Ըստ Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության առաջնորդ Քևին Մաքքարթիի՝ սպասվող տնտեսական անկման պայմաններում ամերիկացիները չեն պատրաստվում ըստ պահանջի օգնություն տրամադրել Ուկրաինային»:
Հանրապետական այլ օրենսդիրներ նույնպես կարծում են, որ ԱՄՆ-ը պետք է ավելի շատ կենտրոնանա Չինաստանի ռազմական հզորացման սպառնալիքի վրա:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռի խոսքով՝
«Մենք կշարունակենք աշխատել Կոնգրեսի հետ և կշարունակենք աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան դա պահանջվի: Մենք պատրաստվում ենք պահել այդ խոստումը, որը տալիս ենք խիզախ ուկրաինացիներին, ովքեր ամեն օր պայքարում են իրենց ազատության և իրենց ժողովրդավարության համար»:
Դիտորդներն ասում են, որ Հանրապետական կուսակցությունում աճող մեկուսացման միտումների հետ մեկտեղ ոմանք անհանգստանում են, որ Ուկրաինային տրամադրվող օգնությունը կնվազի, հատկապես հումանիտար և տնտեսական կարիքների մասով:
Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի կողմից անվտանգության աջակցության վերաբերյալ ավելի քիչ մտահոգություն կա:
Քրիստինե Բերզինա, Միացյալ Նահանգների German Marshall Fund հիմնադրամի վերլուծաբան Քրիստինե Բերզինան կարծում է, որ հենց հիմա Ուկրաինայում և ամբողջ ՆԱՏՕ-ի արևելյան թևում սպառազինության համակարգերի կարիքն կա՝ զինամթերքից մինչև ծանր սպառազինության համակարգեր, անօդաչու սարքեր:
Միացյալ Նահանգներն ավելի քան 60 միլիարդ դոլարի օգնություն է տրամադրել Ուկրաինային, իսկ ավելի քան 17 միլիարդ դոլարի օգնություն տրամադրվել է անվտանգության ոլորտում՝ պատերազմի սկսվելուց ի վեր: Մայիսին Սենատը քվեարկեց ավելի քան 40 միլիարդ դոլարի նոր ռազմական և հումանիտար օգնության տրամադրման օգտին, որին որոշ հանրապետականներ դեմ քվեարկեցին: