Գերմանիան Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգեր կտրամադրի

Առաջին համալիրը կժամանի մոտ օրերս, հայտնել են Բեռլինում

Գերմանիան հայտարարել է, որ «առաջիկա մի քանի օրվա ընթացքում» Ուկրաինային կմատակարարի IRIS-T SLM հակաօդային պաշտպանության չորս համակարգերից առաջինը:

Այս մասին հայտնի է դարձել Ուկրաինայի մի քանի քաղաքների վրա ռուսական հրթիռային հարվածներից հետո, որոնց արդյունքում ավելի քան տաս խաղաղ բնակիչ է զոհվել։

«Կիևի և շատ այլ քաղաքների վրա նոր հրթիռային հարձակումների արդյունքում պարզ դարձավ, թե որքան կարևոր է Ուկրաինային անհապաղ հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը», - հարձակումներից մի քանի ժամ անց հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտը:

Ըստ նրա՝ ռուսական հարձակումները հրթիռների և անօդաչու թռչող սարքերի միջոցով ուղղված են հիմնականում խաղաղ բնակչությանը ահաբեկելուն։ Այդ իսկ պատճառով մենք մտադիր ենք աջակցել [Ուկրաինային] հակաօդային զենքերով, հավելել է նա։

Հոդվածը պատրաստվել է Associated Press և Reuters գործակալությունների նյութերի հիման վրա