ԱՄՆ-ը, Ճապոնիան և Հարավային Կորեան դատապարտում են Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների արձակումը

ԱՄՆ-ը և Հարավային Կորեան չորեքշաբթի օրը չորս հրթիռ են արձակել Կորեական թերակղզու արևելյան ափից, հայտնում է Հարավային Կորեայի շտաբի պետերի միացյալ ծառայությունը:

Ավելի վաղ Հարավային Կորեայի և ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները զորավարժություններ են անցկացրել՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի կողմից վերջին հրթիռի արձակման, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարին Ժան-Պիեռը հաստատել է. «Ցուցադրվել են համակցված կանխարգելիչ և դինամիկ հարվածային կարողությունները՝ միաժամանակ ցուցադրելով մեր երկրի երկկողմ փոխգործունակությունը: Մենք կշարունակենք համակարգել անհապաղ և երկարաժամկետ արձագանքը Կորեայի Հանրապետության և միջազգային հանրության հետ»։

Փհենյանը միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է փորձարկել, որը, ենթադրաբար, ցուցադրվել էր վերջին զորահանդեսի ժամանակ:

Այն ունի 4600 կիլոմետր հեռահարություն՝ ավելի մեծ հեռահարություն, քան նախորդ հրթիռները։ Այն արձակվել է դեպի Ճապոնիա, որտեղ վերջին հինգ տարվա ընթացքում առաջին նման միջադեպն էր, երբ բնակիչներին ապաստանելու նախազգուշացում է տրվել:

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան երեքշաբթի օրը զրուցել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ «Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը բացարձակապես անթույլատրելի է: Մենք հնարավորինս արագ կպատասխանենք առավելագույն զգոնությամբ»,-ասել է նա:

Դիտորդներն ասում են, որ արձակումը հավանաբար Փհենյանի արձագանքն է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի 2017 թվականից հետոառաջին զորավարժություններին:

«Մեր նպատակը մնում է Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացումը։ Մենք պատրաստ ենք լուրջ և կայուն դիվանագիտության մեջ ներգրավվել` այդ ուղղությամբ շոշափելի առաջընթաց գրանցելու համար, և մենք պատրաստ ենք առանց նախապայմանների հանդիպել ԿԺԴՀ-ի հետ»,-ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը:

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը կոչ է արել Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել, աշխատել Փհենյանի զանգվածային ոչնչացման զենքերի սահմանափակման ուղղությամբ: Սակայն խորհրդի կողմից կոշտ արձագանքը քիչ հավանական է, քանի որ մշտական անդամներ Չինաստանն ու Ռուսաստանը դեմ են Հյուսիսային Կորեայի նկատմամբ ավելի շատ պատժամիջոցներին:

Հյուսիսային Կորեան վերջերս օրենք է ընդունել կանխարգելիչ միջուկային հարվածներ հասցնելու պատրաստակամության մասին, այդ թվում՝ սովորական հարձակումների դեպքում:

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն ասել է. «Միջուկային ուժային քաղաքականությունը օրենքի ուժով ընդունելով՝ մեր երկրի՝ որպես միջուկային զենք ունեցող պետության կարգավիճակն անշրջելի է դարձրել»։

Դիտորդներն ակնկալում են, որ Փհենյանը շուտով կանցկացնի հերթական՝ թվով յոթերորդ միջուկային փորձարկումը:

«Հյուսիսկորեացիները միանշանակ փորձում են օգտվել իրավիճակից այն առումով, որ Միացյալ Նահանգները կենտրոնացած է Ուկրաինայի պատերազմի վրա: Եվ դա նրանց որոշակի տեղ և ժամանակ է տալիս իրենց նպատակներին հասնելու համար»,- ասել է Ատլանտյան խորհդի ներկայացուցիչ Նաոկո Աոկին:

Հյուսիսային Կորեան նաև մի քանի փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ է արձակել անցյալ շաբաթ՝ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի՝ Հարավային Կորեա և ապառազմականացված գոտի կատարած այցի ընթացքում։