Հյուսիսկորեական հրթիռ` Ճապոնիայի երկնքում, ռազմական վարժանքներ` ընդդեմ Հյուսիսի

Երեքշաբթի օրը վաղ առավոտյան Ճապոնիայի հյուսիսում միացան տագնապի ազդանշանները եւ բարձրախոսներով ժողովրդին կոչ արվեց մտնել ապաստարաններ: Կանգ առավ երկաթուղային երթեւեկությունը: Հինգ տարվա ընթացքում առաջին անգամ Հյուսիսային Կորեան Ճապոնիայի երկնքով արձակել էր բալիստիկ հրթիռ: Քաղաքացիներին կոչ էր արվել պատսպարված մնալ ստորգետնյա տարածներում, մինչ հրթիռն անցնում էր Ճապոնիայի օդային տարածքով, նախքան Խաղաղ օվկիանոսի մեջ ընկնելը: Հրթիռն ունեցել է 4600 կմ հեռահարություն եւ դարձել է Հյուսիսի կողմից փորձարկված ամենահեռահարը: Այս մասին հաղորդում է ''Ռոյթերս'' լրատվական գործակալությունը:

Այդ հրթիռը Փհենյանում ապրիլ ամսին անցկացված զինվորական շքերթի ընթացքում ցուցադրված հրթիռների շարքում է եղել: Արձակումից մի քանի օր առաջ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Եոլը Հյուսիսին նախազգուշացրել էր միջուկային որեւէ սպառնալիքի դիմելու հետեւանքների մասին` հայտարարելով, որ այդ դեպքում Հյուսիսը կստանա ‘’վճռական ու շատ ավելի ուժգին հարված’’:

Ճապոնիայի երկնքով բալիստիկ հրթիռի արձակումից հետո Հարավային Կորեայի ու ԱՄՆ-ի ռազմաօդանավերը սկսեցին ռազմական վարժանքներ, ինչը 2017 թվականից ի վեր նման առաջին վարժանքներն են այստեղ: Հարավն օդ է հանել F-15K մակնիշի չորս կործանիչներ եւ արձակել կառավարվող մի շարք հրթիռներ: ԱՄՆ-ը մասնակցում է F-16 տիպի չորս կործանիչներով: Հիշեցնենք, որ 2018 թվականից ի վեր, առաջին անգամը լինելով, սեպտեմբերի 23-ին Հարավային Կորեայի նավահանգիստներից մեկում խարիսխ է նետել ամերիկյան մի ավիակիր:

ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններ է երեքշաբթի օրը սկսել նաեւ Ճապոնիան: Այս երկրի պաշտպանության նախարարի խոսքերով, դրա նպատակն է ցույց տալ, որ ԱՄՆ-ը ու Ճապոնիան կարող են այստեղ հակադարձել ամեն մի սպառնալիքի: