Ռուսական ուժերը ուկրաինական Լիման քաղաքից նահանջել և մեծ կորուստներ են կրել. Մեծ Բրիտանիայի ՊՆ

Ըստ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության՝ ռուսական ուժերը, որոնք շաբաթ օրը դուրս են բերվել Ուկրաինայի Դոնեցկի շրջանի առանցքային Լիման քաղաքից, «հավանաբար մեծ կորուստներ են կրել, քանի որ նահանջել են քաղաքից դուրս գտնվող միակ ճանապարհով, որը դեռ ռուսների ձեռքերում է»։

Հատարարության մեջ ասվում է՝ «Դա բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հասարակական քննադատության ալիքի է առաջացրել՝ ուղղված Ռուսաստանի ռազմական ղեկավարության հասցեին: Անօրինական օկուպացված տարածքների հետագա կորուստները գրեթե անկասկած կհանգեցնեն այս հասարակական քննադատության ուժեղացմանը և բարձրագույն հրամանատարների վրա ճնշման մեծացնելուն»:

Ըստ սոցցանցերում հրապարակված մի տեսանյութի՝ ուկրաինացի զինվորները քաղաքի ծայրամասում ծածանում են դրոշը, որտեղ մի զինվոր ասում է. «Լիմանը կլինի Ուկրաինան»:

Քաղաքը, որը գտնվում է Սիվերսկի Դոնեց գետի ափին, մայիսին անցավ ռուսներին։ Այդ ժամանակից ի վեր, տեղի երկաթուղային հանգույցն օգտագործվել է Ռուսաստանի կողմից որպես հիմնական նյութատեխնիկական ապահովման միջոց՝ աջակցելու հազարավոր ռուս զինվորների, որոնք կռվում են արևելյան Ուկրաինայի Դոնեցկի շրջանում:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ուկրաինական բանակի առաջխաղացումը շարունակվելու է։

«Ուկրաինական դրոշն արդեն Դոնեցկի մարզի Լիման քաղաքում է: Այնտեղ դեռ մարտերը շարունակվում են: Բայց այնտեղ որևէ կեղծ հանրաքվեի հետք չկա: Դա տրամաբանական է Ուկրաինայի համար: Իսկ թշնամու կողմից նման սխալ քայլեր ավելի ու ավելի շատ կլինեն»,-ասել է նա:

Միևնույն ժամանակ, ուկրաինացի պաշտոնյաները հայտնել են, որ ռուսական ուժերը սպանել են առնվազն 20 մարդու, այդ թվում՝ 10 երեխաների՝ հարձակվելով Ուկրաինայի հյուսիս-արևելքից փախչող մարդկանց տեղափոխող ավտոշարասյան վրա:

Հաղորդվում է նաև, որ հարձակումը հաջորդել է ուրբաթ օրը Զապորոժժիա նահանգում մեկ այլ քաղաքացիական ավտոշարասյան հրթիռակոծմանը, որի հետևանքով զոհվել է 30 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են: