ԵՄ-ում պահպանվում են տարաձայնությունները՝ կապված ԵՄ-ի կողմից էներգակիրների գներիի սահմանագծման հետ
ԵՄ առաջնորդները հաջորդ ուրբաթ հանդիպման ժամանակ կքննարկեն Ուկրաինային աջակցության ավելացումը և էներգակիրների գները զսպելու հետագա քայլերը:
ԵՄ առաջնորդներին ուղղված հրավերի նամակում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կոչ է արել ԵՄ-ը կոշտ արձագանքել վերջին զարգացումներին, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից ուկրաինական չորս շրջանների բռնակցման մասին հայտարարությանը:
«Մեր հանդիպման ժամանակ մենք կքննարկենք, թե ինչպես շարունակել հզոր տնտեսական, ռազմական, քաղաքական և ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», - ասել է Միշելը, որը նախագահում է ԵՄ առաջնորդների հանդիպումները:
Պրահայում կայանալիք գագաթնաժողովին ԵՄ առաջնորդները նաև առաջարկություններ կներկայացնեն Բրյուսելին այն քայլերի վերաբերյալ, որոնք ԵՄ-ը պետք է ձեռնարկի էներգակիրների գների աճը զսպելու համար, ասել է Միշելը:
«Մեր հիմնական նպատակն է ապահովել մատակարարման անվտանգությունը և մատչելի էներգիան մեր տնային տնտեսությունների և ձեռնարկությունների համար, մասնավորապես ձմեռային ցուրտ եղանակի մոտեցմանը զուգահեռ»,- շեշտել է նա։
Ուրբաթ օրը ԵՄ էներգետիկայի նախարարներն ընդունել են նոր փաթեթ՝ էներգակիրների բարձր գները զսպելու համար, այդ թվում՝ էներգետիկ ընկերությունների համար անսպասելի հարկերը:
ԵՄ երկրներն այս հարցում ունեն տարաձայնություններ: Շատերը կոչ են անում գազի գնի սահմանափակում սահմանել ԵՄ ողջ տարածքում: Մյուսները, այդ թվում՝ Գերմանիան, դեմ են դրան։
ԵՄ երկրների ղեկավարները կքննարկեն նաեւ ենթակառուցվածքային օբյեկտների պահպանության հարցեր։ Հիշեցնենք, որ Բալթիկ ծովում «Հյուսիսային հոսք» գազատարի շուրջ զարգացումները ստիպել են որոշ երկրներին այնտեղ ուղարկել ռազմական անձնակազմ՝ պոտենցիալ խոցելի էներգետիկ համակարգերը պաշտպանելու համար: ԵՄ-ում պահպանվում են տարաձայնություններ՝ կապված ամբողջ ԵՄ-ի կողմից գազի գնի սահմանագիծ սահմանելու համար:
ԲԱցի այդ, ԵՄ չորս երկրներ դեմ են արտահայտվել ռուսական նավթի գնի սահմանագծի սահմանմանը։ Այս մասին գրում է Politico ամսագիրը՝ հղում անելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ութերորդ փաթեթի սահմանման շուրջ դաշինքի բանակցություններին ծանոթ աղբյուրին։ Լրատվամիջոցը գրում է, որ գնային առաստաղը պատժամիջոցների նոր փաթեթի հիմքն է, և առանց դրա դրանք չեն ընդունվի։
Ըստ հրապարակման՝ Հունգարիան, Կիպրոսը, Հունաստանը և Մալթան դեմ են գնային այս առաստաղին։ Վերջին երեք երկրները պաշտպանում են իրենց տանկերային նավատորմի շահերը։ Առաջիկա պատժամիջոցների փաթեթը ենթադրում է ԵՄ երկրների տանկերների սահմանված գնից ավելի թանկ նավթի փոխադրման արգելք։ Կիպրոսը, Հունաստանը և Մալթան նշում են, որ ԵՄ-ն այնուհետև պետք է համոզվի, որ Թուրքիան, Ինդոնեզիան և Հնդկաստանը, որոնք ունեն զգալի քանակությամբ տանկերներ, միանան պատժամիջոցներին:
Լրատվամիջոցի համաձայն՝ մի քանի այլ երկրների դիվանագետներ նույնպես խնդրում են արգելք չսահմանել փոխադրումների վրա, քանի դեռ Հնդկաստանը չի միանա գնային առաստաղին։ Սեպտեմբերին Ռուսաստանը դարձել է Հնդկաստանի շուկա նավթի երկրորդ խոշոր մատակարարը, գրում է Դելիի Business Standard թերթը։ Հնդկաստանն ու Չինաստանն այժմ գնում են ռուսական տանկերների նավթի կեսից ավելին։
Այսօր Բրյուսելում ԵՄ դեսպանների հանդիպմանը շարունակվել է նոր փաթեթի քննարկումը։ Ավելի վաղ բիզնես հրապարակումները, հղում անելով իրենց աղբյուրներին, գրել էին, որ ԵՄ-ը նախատեսում է սահմանափակել ռուսական ադամանդի ներկրումը, արգելել էլեկտրոնիկայի ընդլայնված ցուցակի արտահանումը ՌԴ, այդ թվում՝ սմարթֆոնների, և արգելել ԵՄ քաղաքացիներին պաշտոններ զբաղեցնել Ռուսաստանի պետական կորպորացիաների տնօրենների խորհուրդներում:
Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության և Ազատություն ռադիոկայանի նյութերի հիման վրա