ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր պաշտոնական կայքէջում հրապարակել է անվտանգության նոր ուղեցույց՝ իր քաղաքացիների և աշխատակիցների համար

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը անվտանգության նոր ուղեցույց է հրապարակել ԱՄՆ քաղաքացիների և դեսպանատան աշխատակիցների համար, որում նշված է, որ զինված բախումների պատճառով Հայաստանում անհրաժեշտ է շրջագայելիս դրսևորել զգուշավորություն, քանի որ որոշ բնակավայրերում ավելացել է ռիսկը: Ճանապարհորդական ուղեցույցում նշված է, որ սեպտեմբերի 13-14-ը հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին արգելվում է որևէ ոչ էական ճանապարհորդություն դեպի հետևյալ վայրեր. Տավուշի մարզ Մ4 մայրուղու երկայնքով Իջևանից հյուսիս և բոլոր տարածքները դեպի արևելք, Գեղարքունիքի մարզ՝ Սևանա լճից արևելք, Գեղարքունիքի մարզ՝ Սևանա լճից հարավ և M10 ավտոճանապարհից արևելք, Արարատի մարզի՝՝ Երասխ գյուղ, Վայոց ձորի մարզ՝ Եղեգնաձորից արևելք, Սյունիքի մարզն ամբողջությամբ, իսկ Լեռնային Ղարաբաղ մեկնելը շարունակում է արգելվել։ Դեսպանությունը նաև խորհուրդ է տալիս, տեղյակ լինել իրադարձություններից, հետևել տեղական լրատվամիջոցների լուրերին, հետևել դեսպանատան Facebook-ում և Twitter-ում կատարած հրապարակումներին և պատրաստել արտակարգ իրավիճակների պլան: