Նատալյա Ելիստրատովան իր ամուսնու հետ վերջապես կարող է վերադառնալ իրենց հայրենի Բալակլիա քաղաք, որը Ուկրաինան անցյալ շաբաթ հետ գրավեց՝ ռուսական օկուպացիայից վեց ամիս անց: Նատալյան ասում է, որ միաժամանակ ապրում է ուրախության, տագնապի և վշտի զգացումներ:
Քաղաքը մինչ պատերազմն ուներ 27,000 բնակչություն: Ուկրաինան այն վերագրավել է հյուսիսարևելյան Խարկովի մարզում սեպտեմբերի սկզբին Ռուսաստանի գլխավոր ճակատային գծերից մեկի հանկարծակի փլուզումից հետո:
«Եղանակը հիանալի է, որովհետև մենք տուն ենք գնում: Իմ տրամադրությունը շատ բարձր է»,- ասել է Ելիստրատովան:
«Արդեն հինգ ամիս է տանը չենք եղել, շատ եմ ուզում տեսնել, թե ինչն է փոխվել», - արցունքն աչքերին հավելել է նա:
Ելիստրատովան իր ամուսնու և դստեր հետ ճանապարհորդում էին այն հատուկ գնացքներից մեկով, որոնք նախատեսված են վերադառնալ ցանկացող բնակիչների համար:
Գնացքը վարող Մաքսիմ Խարչենկոն ասել է, որ Խարկով-Բալակլիա երթուղու գնացքը նախկինում կապում էր Կիևի օդանավակայանը քաղաքի կենտրոնի հետ, սակայն պատերազմը դադարեցրել էր բոլոր օդային հաղորդակցությունները:
«Հիմա այս գնացքով մարդիկ գնում են տեսնելու, թե ինչ է պատահել իրենց տներին և ստուգելու արդյոք ավերված են դրանք, թե ոչ»,- ասել է Խարչենկոն:
Բալակլիայում, երբ Ելիստրատովան և նրա ընտանիքը քայում էին մարտից սպիացած քաղաքի միջով, նրանք նկատում էին ջարդված հարևան թաղամասի պատուհաններն ու պատշգամբները:
«Ասես Չեռնոբիլը լինի», - ասել է Ելիստրատովայի դուստր՝ Օլենա Միրոշնիչենկոն, քաղաքում տիրող իրավիճակը տեսնելուց հետո:
Հոդվածը պատրաստվել է Reuters լրատվականի նյութի հիման վրա: