‘’Անհապաղ դադարեցնել Ադրբեջանին հետագա օգնությունը’’. պահանջում են ԱՄՆ-ի կոնգրեսականները

ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի երկկուսակցական համանախագահներ՝ ԱՄՆ ներկայացուցիչներ Ադամ Շիֆը (Կալիֆորնիա), Ֆրենկ Փալոնը (Նյու Ջերսի), Գաս Բիլիրակիսը Մ. (Դ-Կալիֆորնիա), և Դեյվիդ Գ. Վալադաոն (Ռ-Կալիֆորնիա) ներկայացրին բանաձեւ, որը դատապարտում է Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի չհրահրված ռազմական հարձակումները: Կոնգրեսականները սույն փաստաթղթով պահանջում են Բայդենի վարչակազմից անհապաղ դադարեցնել Ադրբեջանին հետագա օգնությունը:

«Մենք խստորեն դատապարտում ենք ադրբեջանական ուժերի մահաբեր հարձակումներն ինքնիշխան Հայաստանի տարածքում։ Ադրբեջանական բռնության այս աղաղակող էսկալացիան ցույց է տալիս, թե որքան քաջալերված է իրեն զգում Ալիևի վարչակարգը, երբ նրա կազմակերպած ագրեսիան հանդիպում է միջազգային հանրության խուլ լռությանը և կեղծ անհասկանալի փաստարկներին՝ Ադրբեջանին տալով իր հարձակումները շարունակելու և ընդլայնելու կորով: Մենք կոչ ենք անում Բայդենի վարչակազմին և Պետդեպարտամենտին միանշանակ կերպով դատապարտել Ադրբեջանի գործողությունները և անհապաղ դադարեցնել ամբողջ օգնությունն Ալիևի ռեժիմին։ Մենք ամուր կանգնած ենք Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին՝ աջակցելով նրանց տարածքային ամբողջականությունը, խաղաղության և ազատության իրավունքը», - ասված է Շիֆի, Փալոնի, Բիլիրակիսի, Շպեյերի և Վալադաոյի կողմից հրապարակված որոշման բանաձեւում:

Չնայած Ադրբեջանի շարունակական և լավ փաստագրված հարձակողական ուժի կիրառմանը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ, Պետդեպարտամենտը շարունակել է ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին՝ հրաժարվելով Ազատության աջակցության ակտի 907-րդ ակտից:

Բանաձեւը մասնավորապես.

• Դատապարտում է Ադրբեջանին 2022թ.-ի սեպտեմբերի 13-ին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ չհրահրված ռազմական հարձակման համար և կոչ անում անհապաղ և անվերապահ կերպով դադարեցնել կրակը.

• Նախագահ Բայդենին կոչ է անում անհապաղ դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ամբողջ օգնությունը՝ համաձայն Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածի: Վարչակազմին կոչ է անում հասկացնել նախագահ Ալիևին, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ հետագա հարձակումները կհանգեցնեն պատժամիջոցների կամ այլ միջոցների.

• Վերահաստատում է Միացյալ Նահանգների վճռական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և նրա վճռական հակազդեցությանն` ընդդեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի և միջազգային օրենքների ու նորմերի բացահայտ խախտումների.

• Աջակցում է ԱՄՆ-ի և միջազգային մարդասիրական օգնության ծրագրերը` բավարարելու ադրբեջանական ագրեսիայի զոհերի հրատապ կարիքները ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում:

''Ամերիկայի Ձայն''-ի Հայկական ծառայություն