Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական կարգավորում. ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ

ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Կարպենտեր

ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Կարպենտերն անընդունելի է որակել Հայաստանում քաղաքացիական օբյեկտների դեմ Ադրբեջանի իրականացրած հարվածները։ Այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր պաշտոնական էջում, ուր մասնավորապես ասված է.

«Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական գործողություններն ու տեղեկությունները Հայաստանում քաղաքացիական օբյեկտների դեմ հարվածների մասին անընդունելի են և պետք է անհապաղ դադարեցվեն։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական կարգավորում, դիվանագիտությունը պետք է գերակայի»,- նշել է ամերիկացի դիվանագետը։

Իր հերթին ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահությունը կոչ է արել անհապաղ դադարեցնել հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունները՝ այս մասին գրառում կատարելով ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահության թվիթերյան էջում: Գրառման մեջ մասնավորապես ասված է.

«Դիվանագիտական ճանապարհով ձեռք բերված առաջընթացը չպետք է վատնել: ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահությունը պատրաստ է աջակցել կայուն լուծմանը»,- նշված է գրառման մեջ:

Ըստ ՀՀ ԱԳՆ տարածած տեղեկության, հայտնի է դարձել, որ Հայաստանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 13-ին տեղի կունենա ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ: