Լիզ Թրասը երեքշաբթի օրը պաշտոնապես ստանձնեց Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը՝ փոխարինելով Բորիս Ջոնսոնին, ով հուլիսին էր հայտարարել իր հրաժարականի մասին։
Մեծ Բրիտանիայի պաշտոնաթող վարչապետ Բորիս Ջոնսոնը երեքշաշբթի օրը հանդիպեց Եղիսաբեթ Երկրորդին իր հրաժարականը հաստատելու համար: 96-ամյա միապետն առողջական խնդիրների պատճառով չի կարողանում մեկնել Լոնդոն եւ այժմ գտնվում է Շոտլանդիայի իր նստավայրում։
Ընդամենը մի քանի ժամ անց թագուհուն այց կատարեց Լիզ Թրասը` ստանձնելու համար վարչապետի պարտականությունները: Հանդիպման ընթացքում թագուհին նրան առաջադրեց կազմել նոր կառավարություն: Թրասն Էլիզաբեթ Երկրորդ թագուհու կողմից նշանակված տասնհինգերորդ վարչապետն է:
Միապետի հետ հանդիպումից հետո Թրասը, Լոնդոն վերադառնալով, հանդես եկավ հեռուստատեսային ուղերձով:
Խոսելով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից սկսված պատերազմի մասին` Թրասն ասաց. ‘’Մեր դաշնակիցների հետ միավորված` մենք հանդես կգանք աբողջ աշխարհում հանուն ազատության և ժողովրդավարության»:
Քաղաքական վերլուծաբան Ջոն Քեմփֆների խոսքերով, սակայն, Թրասն իր ժամանակի 90 տոկոսը ստիպված է լինելու ծախսել ներքին օրակարգերի վրա, երբ ճգնաժամի մեջ է տնտեսությունը, երբ շարունակվում են գործադուլները, երբ վատ վիճակում է առողջապահական համակարգը, երբ առկա են էներգիայի հսկայական ծախսեր, որոնց պայմաններում չեն բացառվում սոցիալական խռովությունները:
Չնայած հարկերը կրճատելու մասին տրված խոստումներին, Թրասը, ըստ մեծաթիվ փորձագետների, էներգիայի վճարները կրճատելու նպատակով կհատկացնի մինչև 150 միլիարդ դոլար:
Նա խոստացել է ավելացնել պաշտպանական ծախսերը մինչև ՀՆԱ-ի երեք տոկոսը, որը կկազմի 180 միլիարդ դոլար: Միևնույն ժամանակ նա խոստացել է շարունակել ռազմական և հումանիտար օգնություն տրամադրել Ուկրաինային։
Նախարարի պաշտոնում Թրասը ծայրահեղ սուր դիրքորում էր որդեգրել Չինաստանի նկատմամբ: Վարչապետի պաշտոնում նա հավանաբար կշարունակի այդ քաղաքականությունը:
Թրասը նաև խոստացել է խզել Brexit-ի մասին գլխավոր համաձայնագիրը, որը Ջոնսոնը ստորագրել էր Հյուսիսային Իռլանդիայի շուրջ:
Ինչպես Քեմփֆներն է ասում, «Վատագույն սցենարը լիակատար առևտրային պատերազմն է եվրոպական 27 երկրների և Մեծ Բրիտանիայի միջև, ինչն ամեն առումով աղետ կլինի։ Դա յուղ կլցնի բրիտանական արդեն բավականին սարսափելի տնտեսության կրակի վրա», ասում է նա։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Թրասին՝ ասելով, որ անհամբեր սպասում է Մեծ Բրիտանիայի հետ «հատուկ հարաբերությունների» խորացմանը։
Սակայն ամերիկացիները, և հատկապես Բայդենի վարչակազմը, մեծապես են զգուշանում բրիտանացիների և Եվրամիության միջև ընտրություն կատարելուց:
Վերլուծաբաններն ասում են, թե հազվադեպ է պատահում, որ նոր վարչապետը, պաշտոնը ստանձնելիս, հանդիպում է այսքան մեծ դժվարությունների: