Երկուշաբթի օրը, սեպտեմբերի 5-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան և Գերմանիան պայմանավորվել են օգնել միմյանց դիմակայել ուկրաինական պատերազմի հետևանքով առաջացած էներգետիկ ճգնաժամին:
Ֆրանսիան պատրաստ կլինի Գերմանիային գազ տրամադրել, իսկ Գերմանիան համաձայնել է Ֆրանսիա էլեկտրաէներգիա փոխանցել, հայտարարել է Մակրոնը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցից հետո կազմակերպված մամուլի ասուլիսում։
«Գերմանիան մեր գազի կարիքն ունի, իսկ մեզ անհրաժեշտ է էներգիա մնացած Եվրոպայից, մասնավորապես՝ Գերմանիայից», - ասել է Մակրոնը:
Մակրոնն հավելել է, որ կողմ է էլեկտրաէներգիայի միացմանը ամբողջ Եվրոպայում, սակայն Իսպանիայի քննադատությունից հետո նաև նշել է, որ չի հասկանում Ֆրանսիայի և Իսպանիայի միջև երրորդ գազային կապի պահանջը:
Նա նշել է, որ պատրաստ է փոխել իր կարծիքն այդ կետի վերաբերյալ, եթե վարչապետ Պեդրո Սանչեսը համոզիչ վիճարկումներ ներկայացնի:
Եվրամիությունը երկարաժամկետ բարեփոխումներ է պլանավորում՝ կապված էլեկտրաէներգիայի գների էժանացման հետ: Սեպտեմբերի 9-ին ԵՄ երկրների էներգետիկայի նախարարները հանդիպելու են, որպեսզի քննարկեն, թե ինչպես կարելի է թեթևացնել էներգակիրների գների աճի բեռը ձեռնարկությունների և տնային տնտեսությունների վրա:
Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան կողմ է գազ գնելուն ոչ թե ազգային, այլ եվրոպական մակարդակով և կոչ է արել Եվրամիությանը վերահսկել էներգիայի գները:
Նա հավելել է, որ էներգակիրների գների սպեկուլյացիաների դեմ անհրաժեշտ է պայքարել Եվրամիության մակարդակով:
Հոդվածը պատրաստվել է « Reuters» լրատվականի հիման վրա: