Ուկրաինայում Ռուսաստանի ձախողման դեպքում Պեկինը կվերանայի Մոսկվայի հետ հարաբերությունները

Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ներխուժում սկսելուց ի վեր հարաբերություններն ավելի են սերտացել Մոսկվայի և Պեկինի միջեւ: Նոր զեկույցի համաձայն, սա կարող է դառնալ նախադեպ հետագա` հնարավոր հակամարտությունների համար:

Ռուսաստանում այս ամիս անցկացվում են «Վոստոկ 22» անվանումը կրող զորավարժությունները, որին մասնակցում է 15 երկիր: Զորախաղերին Չինաստանը Ռուսաստանի պատվավոր հյուրն է։

Չնայած այն հանգամանքին, որ Չինաստանը և Ռուսաստանը դեռևս չունեն պաշտոնական ռազմական դաշինք, երկու երկրների միջեւ առկա են խորացող ռազմական կապերը: Այս մասին է ասված Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի զեկույցում:

Զենքի վաճառքը նույնպես հարաբերությունների կարևոր մասն է, բայց կան դժվարություններ, ասում է Բոնի Լինը: Վերջինս զեկույցի հեղինակներից է:

Նրա խոսքերով, «Չինաստանն իր սպառազինության ընդհանուր ծավալի մոտ 70 տոկոսը ներկրում է Ռուսաստանից։ Սակայն 2000-ականների կեսերին Չինաստանը սկսեց ավելի շատ կենտրոնանալ իր զենքի ներքին արտադրության վրա, ուստի այսօր ավելի քիչ է կախված Ռուսաստանից: Մյուս կողմից Ռուսաստանին մտահոգում է չինական կողմից իր տեխնոլոգիայի գողության փաստը’’:

Սակայն Չինաստանը լուռ կերպով աջակցում է Ուրկաինայում Ռուսաստանի ներխուժմանը: Ինչպես Բոնի Լին է ասում, «Պեկինը մեծ նմանություն է տեսնում Արևմուտքի և ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի հարաբերություններում առկա խնդիրների եւ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում առկա իր խնդիրների միջեւ’’:

Դրա արդյունքում, ինչպես զեկույցում է նշվում, ուկրաինական հակամարտությունն ավելի է միմյանց մոտեցնում Ռուսաստանին և Չինաստանին:

Մի կարեւոր հանգամանք, ըստ վերլուծաբանի, Չինաստանի սպառազինության գերազանցությունն է:

Զեկույցում ասված է, որ Չինաստանի ռազմական հնարավորությունները հասնում եւ նույնիսկ գերազանցում են Ռուսաստանի կարողություններին:

Սակայն Կրեմլի ներխուժումն Ուկրաինայում առել է դադար: Սա շատերը համարում են Ռուսաստանի ուժասպառության նշան: Ու երբ Ռուսաստանի գործողությունները վերջնականապես ձախողվեն այստեղ, Պեկինը ստիպված կլինի վերագնահատել Մոսկվայի հետ ռազմական իր գործընկերությունը: