Իրանից անօդաչու թռչող սարքերի առաջին փորձարկումների ժամանակ ռուս զինվորականները բախվել են մի շարք թերությունների ու աշխատանքի խափանումների։ Թե ինչ խափանումների մասին է խոսքը, չի նշվում։
ԱՄՆ-ի բանակի փոխգնդապետ Փոլ Լուշենկոն «Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայի հետ պատերազմում ռուսական բանակի կողմից իրանական անօդաչու թռչող սարքերի կիրառման արդյունավետությունը դեռ ապացուցված չէ։
Օգոստոսին մի քանի օր շարունակ իրանական անօդաչու թռչող սարքերի խմբաքանակն Իրանից Ռուսաստան է հասցվել ռուսական տրանսպորտային ինքնաթիռներով: Այս լուրը հաստատել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը։ Ավելի վաղ Սպիտակ տան վարչակազմը, Washington Post-ը և CNN-ը հայտնել էին, որ Իրանը Ռուսաստան է ուղարկել մի քանի մոդելների անօդաչու թռչող սարքերի առաջին խմբաքանակը՝ Mohajer-6, Shahed-129 և Shahed-191:
«Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայությանը տված բացառիկ հարցազրույցում ԱՄՆ-ի բանակի փոխգնդապետ Փոլ Լուշենկոն (Քորնելի համալսարան) ասել է, որ անօդաչու թռչող սարքերի արդյունավետության մասին խոսելը վաղաժամ է.
«Կարծում եմ, որ ինչպես մյուս երկրները, որոնք զարգանում են անօդաչու թռչող սարքերի ոլորտում, ինչպիսիք են Թուրքիան, Չինաստանը, ԱՄՆ-ը և այլն, Իրանը լուրջ թերություններ ունի իր անօդաչու թռչող սարքերի հնարավորությունների առումով։ Մենք գիտենք, որ նրանց տեխնիկական հնարավորությունները արդյունավետ են անկանոն ռազմական գործողությունների, այսինքն՝ ահաբեկիչների և ապստամբների դեմ հարվածների դեպքում։ Այնուամենայնիվ, դեռևս պարզ չէ, թե արդյոք դրանք արդյունավետ կլինեն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ներկայումս ընթացող բարձր ինտենսիվության զինված հակամարտության ընթացքում, թե ոչ։ Իսկ իրական խնդիրն այստեղ կլինի նրանց կողմից ինտեգրված հակաօդային պաշտպանության համակարգի օգտագործումը, որը նախատեսված է ներգնա անօդաչու թռչող սարքին հաղթելու համար։ Պարզ չէ, թե իրանական սարքերն իրոք նման տեխնիկական հնարավորություններ ունեն, թե ոչ»։
Իրոք, ռուս զինվորականները տեխնիկական խափանումներ են գրանցել` օգոստոսի կեսերին Թեհրանից ստացած անօդաչու թռչող սարքերը կառավարելիս։ Այս մասին տեղեկացնում են Բայդենի վարչակազմի ներկայացուցիչները: Միաժամանակ Պետդեպարտամենտն ընդգծում է, որ Թեհրանի եւ Մոսկվայի միջեւ դաշինքի խորացումը պետք է դիտարկել որպես սպառնալիք։ Հրապարակելով ռուս-իրանական գործարքի և Ռուսաստանին մարտական իրանական անօդաչու թռչող սարքերի մատակարարման վերաբերյալ ԱՄՆ-ի հետախուզական տվյալները՝ Վաշինգտոնը փորձում է ստիպել Թեհրանին հրաժարվել Ռուսաստանին զենք մատակարարելուց, եզրափակում է Փոլ Լուշենկոն:
«Ինձ համար շատ պարզ է, որ ամերիկյան իշխանությունները, այդ թվում, հնարավոր է նաեւ` նախագահը, Ազգային անվտանգության խորհուրդը և ԱՄՆ-ի հետախուզության պաշտոնյաները, կարեւոր որոշում են կայացրել Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի մատակարարման մասին տեղեկություններն արագ գաղտնազերծելու մասին:
Կարծում եմ, որ դա արվել է Իրանի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի Թեհրանը դադարեցնի անօդաչու թռչող սարքերի փոխանցումը Ռուսաստանին, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դա կարող է ժամանակ առ ժամանակ ազդել քաղաքականության վրա։
Մեկ այլ տարբերակ, որը կարող է ԱՄՆ-ը կիրառել, Իրանի արտահանման և ներմուծման հիմնական ապրանքների դեմ պատժամիջոցների սահմանումն է։ Սակայն այս քայլն ավելի քիչ հավանական է, քանի որ դրանով կարող է ավելի սրվել Թեհրանի և Վաշինգտոնի միջև կասկածամտությունն ու թշնամանքն այն պահին, երբ ԱՄՆ-ը փորձում է վերանայել Իրանը միջուկազերծելու շուրջ նախկին պայմանագրի կետերը:
‘’Ամերիկայի Ձայն’’-ի Ռուսական ծառայություն