Ռուսաստանն այս շաբաթ փակեց դեպի Գերմանիա տանող խոշոր գազատարը: Եվ այսօր աճում են մտահոգությունները Արկտիկայի մոտ ռուսական գազի անբացատրելի բռնկման կապակցությամբ:
Ֆինլանդիայի սահմանին մոտ Ռուսաստանը հսկայական քանակությամբ գազ է այրում։ Անցած երկու ամիսների ընթացքում ամեն օր ոչնչացնում է մոտ 10 միլիոն դոլար արժողությամբ գազ այն դեպքում, երբ Եվրոպան տառապում է գազի պակասից: Մասնագետները դա համարում են բնապահպանական աղետ։ Իսկ ռուսական պետական «Գազպրոմը» չի մեկնաբանում գազի այրման մասին տեղեկությունները:
Մոսկվան վերջին շաբաթներին «Հյուսիսային հոսք 1»-ով գազի արտահանումների ծավալը կրճատել է մինչեւ 20 տոկոսի: Իսկ այս շաբաթվա ընթացքում գազատարն ամբողջությամբ փակվել է երեք օրով։ Ռուսաստանն ասում է, որ տուրբինները տեխնիկական սպասարկման կարիք ունեն: Եվրոպան վիճարկում է դա և մեղադրում է Կրեմլին գազը որպես զենք օգտագործելու մեջ:
Ինչպես Գերմանիայի Բավարիա երկրամասի կառավարիչ Մարքուս Զոդերն է ասում, «Մեր խնդիրն այս պահին այն է, որ մենք այն վիճակում չենք, որ համարժեք կերպով արձագանքենք այս խաղին»։
Գերմանիան հունիս ամսին էր հայտարարել գազի ճգնաժամ և կոչ էր արել, որ սպառողները և ձեռնարկությունները կրճատեն գազի սպառման ծավալները: Սպառումը դրանից հետո նվազել է մոտ 20 տոկոսով։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ նախազգուշացրել է «առատության վերջի մասին»։ «Մեր ազատությունը՝ ազատության այն համակարգը, որում մենք սովոր ենք ապրել, ունի արժեք», ասել է նա։
Ռուսաստանն անցյալ տարի Եվրամիությանն է մատակարարել անհրաժեշտ գազի 40 տոկոսը: Ու քանի որ Կրեմլը փակում է ծորակները, Եվրոպան փորձում է այլընտրանքային աղբյուրներ որոնել: Հեղուկ բնական գազի ներմուծումը, այդ թվում՝ Միացյալ Նահանգներից, օգնել է գազի պահեստները լցնել 80 տոկոսով:
Սակայն, ինչպես ‘’Սկայպ’’-ի միջոցով վերլուծաբան Թոմ Օ’Դոնելն է ասում, ‘Միայն պահեստավորումը բավարար չէ ձմռան համար։ Բոլոր խողովակաշարերը կտրված լինելու դեպքում, այդ պահեստներում առկա գազը ջեռուցման սեզոնում կծախսվի երկուսուկես ամսվա ընթացքում’’, ասում է նա:
Եվրոպան այսօր փորձում է հրաժարվել Պուտինի գազից. Սակայն վերլուծաբաններն ասում են, որ դրա համար կպահանջվի առնվազն երկու տարի:
Թոմ Օ’Դոնելի խոսքերով, ‘’Պուտինը Եվրոպայի դեմ գազային պատերազմում կդիմի ամեն մի քայլի: Պուտինի համար Եվրոպային գազից կախվածության մեջ պահելը շատ ավելի կարեւոր է, քան աղքատ իր երկրում գազից մեծ շահ ստանալը’’, ասում է նա:
Ամբողջ Եվրոպայում այսօր հեղուկ գազի նոր տերմինալներ են կառուցվում: Այստեղ կրկին սկսել են կիրառել ածխով աշխատող էլեկտրակայանները և ատոմակայանները. մեծ ներդրումներ կան վերականգնվող էներգիայի ոլորտում։ Բայց մոտ ժամանակների համար դա կարող է բավարար չլինել: Եվ կառավարությունները նախազգուշացնում են դժվար ձմռան մասին:
''Ամերիկայի Ձայն''