Ռուս դեսանտային Պավել Ֆիլատիևը, որը հայրենիքից հեռացել էր Ուկրաինայի դեմ սկսված պատերազմը քննադատելուց հետո, մտադիր է ապաստան խնդրել Ֆրանսիայի իշխանություններից։ Այս մասին հայտնել է նրա փաստաբանը։
Պաշտպանի խոսքով՝ նախկին զինվորականը Ֆրանսիայի իշխանություններից արդեն ստացել է Փարիզի Շառլ դը Գոլի օդանավակայանում ապաստան հայցողների սպասասրահից դուրս գալու թույլտվություն:
Ֆիլատիևը մասնակցել է Ուկրաինայի տարածքում ռուսական զորքերի զինված ներխուժմանը: Վերադառնալուց հետո գրել է «ԶՈՎ» վերտառությամբ գիրքը, դատապարտել բանակի գործողությունները։
Ռուսաստանից հեռանալուց առաջ Ֆիլատիևը հարցազրույց էր տվել The Guardian-ին, որտեղ ասել էր, թե իր գրքի հրապարակումից հետո մի քանի անգամ փոխել է հասցեն՝ հնարավոր ձերբակալությունից խուսափելու համար։
Ֆիլատիեւն ասել է, թե իր դեմ քրեական գործ հարուցված լինելու մասին տեղեկություններ չունի: Բայց, ըստ դեսանտայինի, իր հրամանատարությունը պահանջել է, որ իրեն դատապարտեն ռուսական բանակի մասին ‘’կեղծիքներ’’ տարածելու համար։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտ ամսին օրենք է ստորագրել, որը երկարաժամկետ ազատազրկում է նախատեսում ռուսական ռազմական գործողությունների մասին կեղծ տեղեկություններ տարածելու համար։
Իշխանությունները կեղծ են համարում այն հաղորդագրությունները, որոնք չեն համապատասխանում ՌԴ-ի պաշտպանության նախարարության դիրքորոշմանը, հատկապես, եթե խոսքը վերաբերում է ռուս զինվորականների գրոհների հետևանքով ուկրաինացի խաղաղ բնակիչության շրջանում մահացություններին։ Նման տեղեկատվության տարածումը պատժվում է մինչև 15 տարվա ազատազրկմամբ։
Մարդու իրավունքների պաշտպան OVD-Info ռուսական կազմակերպության վերջին տվյալների համաձայն՝ Ռուսաստանում մի քանի տասնյակ գործեր են հարուցվել ռուսական զինված ուժերի մասին ֆեյքերի տարածման վերաբերյալ։ Ավելի քան 200 ռուսներ են այս պահին ենթարկվում հետապնդումների հակապատերազմական իրենց դիրքորոշման համար։
''Ազատություն'' ռադիոկայան